Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:
Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:
Նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արեգնազ Մանուկյանին այսօր քրեկատարողական հիմնարկից տեղափոխելու են Քննչական կոմիտե, որտեղ հայտարավելու է նրա գործի նախաքննության ավարտը:
Շուրջ մեկ ամիս է՝ պաշտպանական կողմը փորձում է Մանուկյանի կալանքի հարցը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, սակայն գործի քննությունը շարունակ ձգձգվում է: Սողոյանը երեկ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությունը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի մինչ այդ ավարտվի Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունը և այդ ժամանակ արդեն խափանման միջոցի հարցի քննությունը կփոխանցվի բուն գործը քննող առաջին ատյանի դատավորին: