Փաստաբան Տաթևիկ Սողոյանն օրերս այցելել է կալանավորված Արեգնազ Մանուկյանի տուն ու հանդիպել նրա անչափահաս դստերը:
Երեխան արդեն 12 օր է` զրկված է մոր հետ անգամ հեռախոսով խոսելու հնարավորությունից:
Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու որոշումից բացի, նաև արգելել է 46-ամյա կնոջը շփվել հարազատների՝ ներառյալ 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը այս ընթացքում կապի միակ օղակն է դարձել երեխայի և մոր միջև: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող Արեգնազ Մանուկյանը անդադար հարցնում է անչափահաս երեխայից, մյուս հարազատներից: Երեխան, մինչդեռ, ըստ փաստաբանի, քչախոս է, ուղղակի մոր մասին լսելիս հուզվում է:
«Որևէ միջոց չի ռեաբիլիտացնելու այն տրավմա, որը հիմա այս ռեպրեսիվ համակարգը պատճառում է այդ երեխային, որևէ միջոց: Այս տառապանքները երեխան չի հասկանում ՝ ինչի պետք է ինքը չշփվի», - նշեց Սողոյանը:
ՄԻՊ-ը մոր հետ երեխայի շփման արգելքի հարցը բարձրացրել է իրավասու մարմինների մոտ
Արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը տեղյա՞կ է Արեգնազ Մանուկյանի կալանավորման և շփումների վրա արգելանք դնելու դատարանի որոշման հետևանքով առաջացած խնդրի մասին և արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են երեխայի շահերը պաշտպանելու ուղղությամբ:
Օմբուդսմենի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Պաշտպանի ներկայացուցիչներն հուլիսի 13-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույց են ունեցել նաև Արեգնազ Մանուկյանի հետ:
Առանձնազրույցի ընթացքում Մանուկյանը նաև հայտնել է, որ իր նկատմամբ կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը մոր հետ երեխայի շփման արգելքի հարցը բարձրացրել է իրավասու մարմինների մոտ:
«Այլ հարցերի թվում՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է իրավասու պետական մարմիններին։ Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի աշխատակազմը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ», - հայտնում են ՄԻՊ-ից։
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց հուլիսի 9-ին, մեղադրանքը, սակայն չի ընդունում, պնդելով՝ «չի արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պետք է ենթարկվի»:
Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ Արեգնազ Մանուկյանի գործը առհասարակ առաջինն է իրենց պրակտիկայում, որտեղ մեղադրանքն ուղղակի «ենթադրությունն է»: Քննչականից այսօր հրաժարվեցին մեկնաբանել փաստաբանի այս պնդումները:
Սողոյանի խոսքով, մինչդեռ, քննչական մարմինը առանց փաստեր ներկայացնելու ենթադրել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, 2024 թվականին մասնակցելով Ազգային ժողովի փակ նիստին, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել իր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին: Կալանքի նիստերը փակ են եղել, և «Ազատություն»-ը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին:
Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ տեղում ընդգրկված Թևանյանը կալանավորվեց նախընտրական շրջանում՝ մայիսի 23-ին, լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով: Նա ևս մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Փաստաբանները նախորդ շաբաթվա վերջին Վերաքննիչում բողոքարկել են Արեգնազ Մանուկյանին 2 ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ Տաթևիկ Սողոյանի, եթե Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշի, որ կա խափանման միջոցի անհրաժեշտություն, ապա խնդրում են, որ դա գոնե փոխարինվի տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ կամ գրավով՝ մինչև 5 միլիոն դրամի չափով:
Փաստաբանի պնդմամբ՝ հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի գործի քաղաքական լինելը, մեծ ակնկալիքներ չունեն, բայց հույս ունեն, որ վերաքննիչը գոնե կփոխի խափանման միջոցը:
Ի դեպ, դատական համակարգի խիստ դժգոհ է նաև Հայաստանն արդեն 8 տարի ղեկավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ինչպես ինքն էր օրերս ձևակերպել, եռագլուխ հրեշի դեմ պայքարի շրջանակներում: Եռագլուխ հրեշ Փաշինյանն անվանում է իր քաղաքական հակառակորդներին՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին: