Մատչելիության հղումներ

«Անհեթեթ, քաղաքական էլեմենտներով մեղադրանք». ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը՝ ճաղերից այն կողմ

Լրացված

Ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց: Մանուկյանին այսօր առավոտյան իր բնակարանից ձերբակալեցին ու Քննչական տարան: Նախկին պատգամավորն անակնկալի էր եկել, փորձել նկարահանել քննիչների այցը:

Ընտրություններին Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ցուցակով մասնակցած Մանուկյանին Քննչականն արդեն մեղադրանք է առաջադրել մայիսի վերջին կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով: Ձերբակալությունից ժամեր անց դատարանը սկսեց քննել նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:

«Արգենազ Մանուկյանը գտնում է, որ անհեթեթ մեղադրանք է, իր դիտարկումներն ունի քաղաքական հետապնդման էլեմենտների առկայության վերաբերյալ», - ասաց փաստաբան Տիրայր Կարապետյանը:

Մանուկյանի կուսակցության՝ «Մայր Հայաստան»-ի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որ նաև ԲՀԿ ցանկի երկրորդ համարն էր, մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածով: Արեգնազ Մանուկյանին իրավապահներն այսօր մեղադրանք առաջադրեցին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածով:

Փաստաբան Տիրայր Կարապետյանը նիստից առաջ շատ մանրամասներ չփոխանցեց. «Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տվյալ հայտնել, որովհետև գործը դեռևս գտնվում է նախաքննական գաղտնիքի ռեժիմում»:

Մոտ մեկ ամիս առաջ իրավապահները խուզարկել էին Մանուկյանի բնակարանը, նրան հարցաքննել որպես վկա: Այն ժամանակ նախկին պատգամավորը «Ազատությանը» մանրամասներ չէր հայտնել՝ նախաքննության գաղտնիքի պատճառաբանությամբ:

Ըստ իրավապահների՝ Արեգնազ Մանուկյանի թիմակից Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, ով, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։

Իրավապահները կասկածում են, որ հենց Մանուկյանն է այդ տեղեկությունները փոխանցել Թևանյանին: Մանուկյանն անցած ամիս «Ազատությանն» ասել էր, որ չի հիշում՝ արդյոք մասնակցե՞լ է խորհրդարանի փակ, գաղտնի նիստին:

Սահմանազատման թեմայով փակ նիստն անցկացվել է 2024-ի ապրիլի 9-ին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ առաջարկվել է քննարկման շուրջ հարակից զեկուցման հնարավորություն տալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Իշխանական պատգամավորներն առաջարկել էին հարցը քննարկել փակ նիստում՝ առանց հեռախոսների, դահլիճից էլ հեռացվել էին այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն:

Ըստ խորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված տեսագրության՝ Արեգնազ Մանուկյանն այդ օրը Ազգային ժողովի դահլիճում եղել է, կադրերում կա, բայց պարզ չէ՝ արդյոք հետո մասնակցե՞լ է հենց փակ նիստին:

Մանուկյանի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 1-4 տարվա ազատազրկում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG