Մատչելիության հղումներ

«Երեխայի հետ շփման արգելքով «ցավացնում են» Արեգնազ Մանուկյանին». խափանման միջոցի բողոքարկման ոդիսականը

13-ամյա երեխայի հետ շփումից զրկված Արեգնազ Մանուկյանը շուրջ մեկ ամիս է՝ սպասում է Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությանը՝ հույսով, որ 2 օրից՝ օգոստոսի 19-ին՝ դստերը գոնե զանգահարելու և ծննդյան օրը շնորհավորելու հնարավորություն կունենա:

Մոր հետ շփումից տևական ժամանակ զրկված երեխայի մոտ, փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ, արդեն իսկ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել էր հենց մասնագետը: Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ՝ նախկին պատգամավորի դստեր հետ այս պահին էլ հոգեբան է աշխատում:

«Տիկին Մանուկյանի համար առանցքային է գոնե ամսի 19-ին իր երեխայի ծննդյան օրը շնորհավորելու հանգամանքը: Երկու օր է ընդամենը մնացել, եթե մենք չունենանք շփման արգելքի փոփոխություն, ցավոք պետք է ասեմ, բայց այդ երեխան կյանքում առաջին անգամ պետք է իր ծնունդը նշի առանց մոր ներկայության ու առանց գոնե մի խոսք շնորհավորանք իրենից լսելու», - ասաց Տաթևիկ Սողոյանը:

Քրեակատարողական հիմնարկում տեսակցելու կամ գոնե հեռախոսով մոր շնորհավորանքը լսելու հնարավորություն երեխան կունենա՞, թե՞ ոչ: Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դժվարանում է ասել, քանի որ հուլիսի 17-ին, այսինքն ուղիղ մեկ ամիս առաջ, Արեգնազ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչում բողոքարկելուց հետո, առ այսօր պաշտպանական կողմը բախվում է տարբեր խնդիրների և գործի քննությունը ձգձգվում է:

Նախ տևական ժամանակ Մանուկյանի վարույթի նյութերը առաջին ատյանի դատարանից չէին հասնում Վերաքննիչ դատարան և գործը որևէ դատավորի այդպես էլ չէր մակագրվում:

Այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան»-ի անդամները օգոստոսի 6 -ին ցույց կազմակերպեցին դատարաններին վերահսկող Բարձրագույն դատական խորհրդի առջև՝ պնդելով, որ այդ կառույցը նույնպես մեղսակից է 13-ամյա երեխայի տառապանքի համար, պարզ դարձավ, որ Մանուկյանի գործը օգոստոսի 5-ին մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին:

Սակայն առ այսօր պաշտպանները չեն կարողանում ստանալ գործը Վերաքննիչի կողմից վարույթ ընդունելու մասին որոշումը և ըստ այդմ տեղեկանալ, արդյո՞ք նիստի օր նշանակված է, թե՞ ոչ և եթե այո, ե՞րբ է որոշումը հրապարակվելու:

«Կարծես՝ հրահանգված լինի լրացուցիչ բարդություն ստեղծել». փաստաբան

«Կարծես թե հրահանգված լինի լրացուցիչ բարդություն ստեղծել Արեգնազ Մանուկյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որի վերջնանպատակը լինի այս անմարդկային վերաբերմունքը, մի օր ավել ավելացնելը», - ընդգծեց փաստաբանը:

Ցույց տալու համար, որ 46-ամյա Արեգնազ Մանուկյանի դեպքում տարբերակված մոտեցում կա, փաստաբան Տաթևիկ Սողոյանը մատնանշում է նույն գործի շրջանակներում կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի օրինակը:

Թևանյանը թեև այս նույն գործի շրջանակներում մեղադրվում է ավելի ծանր հոդվածով՝ «լրտեսության և պետական դավաճանության» համար, սակայն նրա տեսակցությունների և շփումների վրա արգելք դրված չէ: Նրան կարող է տեսակցել ցանկացած ոք:

Արեգնազ Մանուկյանը, մինչդեռ, մեղադրվում է միջին ծանրության հոդվածով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար: Ըստ մեղադրանքի, Արեգնազ Մանուկյանը, 2024 թվականին մասնակցելով Ազգային ժողովի փակ նիստին, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել իր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին: Մանուկյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում:

Ե՛վ Անդրանիկ Թևանյանը, և՛ Արեգնազ Մանուկյանը հունիսի 7 -ի ընտրություններում պատգամավորի թեկնածու էին առաջադրվել կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի կողմից:

«Այս ամենի մեջ, բնականաբար, պատժիչ ու անմարդկային վերաբերմունքի տարրը, կարծում եմ, շատ հստակ է երևում, քանի որ բավականաչափ կամ առհասարակ իրենց հետ չի համագործակցել, իրենց քարոզչությունը սպասարկող գործողություններ չի կատարել: Իրենք, այն մարդիկ ենք, ովքեր այս քաղաքական գործի պատվիրատուներն են: Գործն իր բնույթով, այո, քաղաքական է ու նախաքննական գաղտնիք էլ չկա այստեղ, պայմանավորված է այն գործունեությամբ, որ ծավալում են ընդդիմադիր պատգամավորները, գործիչները ի դեմս պարոն Թևանյանի ու տիկին Մանուկյանի», - ասաց Սողոյանը:

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի բացառում, որ Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությունը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի մինչ այդ ավարտվի Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունը և այդ ժամանակ արդեն խափանման միջոցի հարցի քննությունը կփոխանցվի բուն գործը քննող առաջին ատյանի դատավորին:

«Տպավորություն կա, ինչպես նախկինում են արել, որ գործն ուզում են որպեսզի վերաքննիչ դատարանը չհասցնի որոշում կայացնի, արագ ավարտեն, նախաքննության ավարտ հայտարարեն, հանձնեն գործը հիմնական քննող դատավորին ու այդ փաստի ուժով Վերաքննիչ դատարանն ասի՝ «քանի որ գործն արդեն ունի հիմնական դատավոր, ես կաշկանդած եմ նախաքննական կալանքի իրավաչափության մասին կարծիք արտահայտել», - ասաց փաստաբանը:

Ինչո՞ւ Վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, ում և օգոստոսի 5-ին մակագրվել է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը, այդպես էլ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը պաշտպանական կողմին չի տրամադրում, ինչո՞ւ է որոշման հրապարակման օրն առ այսօր անհայտ: Դատարանից պաշտպաներին հայտնել են, թե որոշումը ուղարկվել է, բայց թե ինչո՞ւ այդպես էլ փաստաբաններին չի հասնում, պարզ չէ:

Այս հարցերն ուղղել ենք դատարանների աշխատանքը վերահսկող Բարձրագույն դատական խորհրդին: Դեպարտամենտից, սակայն, «Ազատության» միայն փոխանցեցին, որ գործն ամբողջությամբ գաղտնի է, այն քննվելու է գրավոր ընթացակարգով, և դատարանի որոշումից հետո կողմերը կտեղեկացվեն այդ մասին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG