Խորհրդարանը երկու օր տևած քննարկումից հետո այսօր ընտրեց Ազգային ժողովի նախագահի նաև երկրորդ տեղակալին։ Առաջադրված էր «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը. նա ընտրվեց ձայների 62 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկածները «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին։ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը առհասարակ չմասնակցեց։
Քվեարկությանը նախորդած փուլում իրավիճակը խորհրդարանի դահլիճում փոքր-ինչ լարված էր։ Այսօր ամբողջ օրը պատգամավորները ելույթներով էին հանդես գալիս, հերթագրված չորս տասնյակից ավելի պատգամավորներից մեծ մասի ելույթներն այսօր էին։
Վիճակը խորհրդարանում փոքր-ինչ լարվեց, երբ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագրից» Տարոն Չախոյանը և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին ըստ էության անվանեց «գյոռմամիշ»:
«Հիմա մենք ենք գյոռմամիշը՞, թե՞ դուք, որ տարել եք Վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք փակցրել։ Էս ամեն ինչը, ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է Կտրիճ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք՝ ո՞վ է գյոռմամիշը», - հայտարարեց Չախոյանը:
Դա նաև այն բառն է, որ երեկ օգտագործել էր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորներին։
«Մարդիկ չտես, գյոռմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն», - հայտարարել էր Կարապետյանը:
Տարոն Չախոյանի ելույթից հետո վրդովված Ազգային ժողովի նախագահին դիմեց «Ուժեղ Հայաստան»խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մի հատ մենք ստեղ հորթ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրար թույլ տվեց, ու դուք իրան չկանգնացրիք: Թող հորթը իրան հորթի պես չպահի, դեմը սբխեչ է», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:
«Պարոն Կարապետյան, ես թույլ չեմ տալու այստեղ որևէ պատգամավորի վիրավորել որևէ պատգամավորի», - արձագանքեց Ազգային ժողովի նախագահը:
Ռուբեն Ռուբինյանի և Նարեկ Կարապետյանի միջև այս խոսակցությունը շարունակվեց նաև արդեն քվեարկությանը զուգահեռ, որը ընթանում էր նիստերի դահլիճին կից սրահում։
Հետո միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտարարեցին առանձին-առանձին թե՛ Ռուբեն Ռուբինյանը, թե՛ Նարեկ Կարապետյանը։
«Բնականաբար, սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն էր, և ես նախազգուշացում եմ հայտարարել պարոն Կարապետյանին։ Ես կարծում եմ, որ եթե նման վարքը կրկնվի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է, կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերի, այսքանը», - ասաց Ռուբինյանը:
«Տաս րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով Ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով, հինգ րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը», - իր հերթին, ասաց Կարապետյանը:
Արդեն Ազգային ժողովի դահլիճում խորհրդարանի խոսնակը կրկին դիմեց պատգամավորներին, առաջարկեց պահել բարեկրթության կանոնները, որոնք նիստերի մեկնարկից հետո պարբերաբար իշխանական պատգամավորները, դիմելով ընդդիմադիրներին, կոչ են անում պահել:
«Մենք ստիպված էինք արձագանքել, որովհետև հինգ րոպե շարունակ ձեր ֆրակցիայի պատգամավորը, ուղղակի առանց խոչընդոտ հինգ րոպե շարունակ օգտագործում էր վիրավորական արտահայտություններ, և մեր նախագահողը ձեր բացակայությամբ ոչ մի ձև չէր զսպում։ Էս ձևաչափով մեր հետ շփվելը դա առողջ չէ, իսկ դրա պատասխանը, պարոն Ռուբինյան, ամենայն հարգանքով, դուք պետք է տայիք ավելի կոշտ», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
«Պարոն Չախոյան, ես խնդրում եմ խոսել մեր սահմանված կանոնների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ ձեզ վիրավորել են, ես հիմա խոսքը տալիս եմ ձեզ, խնդրում եմ խոսեք այնպես, որպեսզի մենք ավարտված համարենք այս միջադեպը», - հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:
«Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը մեր հասցեին էդ տեսակ բառեր է օգտագործում։ Ու ընդհանրապես էական չէ՝ դա էս ամբիոնից է հնչե՞լ, թե՞ ընդհանրապես խորհրդարանի շենքից դուրս», - ամբիոնից հայտարարեց Տարոն Չախոյանը:
«Հարգելի գործընկերներ, այսքանով ես առաջարկում եմ միջադեպը համարել սպառված», - ասաց ԱԺ նախագահը:
Խորհրդարանականներն աշխատանքը կշարունակեն վաղը: Վաղն արդեն կքննարկվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի առաջադրման հարցը։