Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հաջորդ ուրբաթ կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։

Վեհափառի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն ամոթալի ու խայտառակ է որակում այս փաստը, համեմատում Վեհարանի իր ննջարանում խեղդամահ արված Խորեն կաթողիկոսի ողբերգության հետ։

«Խորեն Ա Մուրադբեկյանին ուղղակի խեղդամահ են արել Խորհրդային Միության ժամանակ, փաստորեն, սա երկրորդ դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ նման պետական մեծ մասշտաբի ճնշում է իրականացվում»,- ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ոչ թե խայտառակություն, այլ պայքար արդարության համար։ Այս կարծիքին է քրեական գործով միակ տուժողը՝ կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, նրա խոսքով.- «Կաթողիկոսական աթոռը պարզապես բռնազավթված է իր կողմից, իր կլանի կողմից։ Բա պիտի արդարություն լինի, թե՞ չէ։ Ես պայքարում եմ հանուն արդարության»։

Սարոյանը, որ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավանքին միացած միաբաններից է, այս տարեսկզբին հեռացվեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ու որոշեց դատարանով վերադառնալ։ Դատարանն էլ պատասխանող կողմին, այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցուն, պարտավորեցրեց ապահովել Սարոյանի պաշտոնավարումն առանց խոչընդոտի մինչև վերջնական դատական ակտ լինի։ Գերագույն հոգևոր խորհուրդը կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսական կարգից զրկեց Գևորգ սրբազանին, հիմնավորելով՝ դատի է տվել Էջմիածնին, առիթ տվել, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին, ուրեմն՝ «անկարգ է ու անհնազանդ»։ Հենց այս որոշումից հետո էլ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հոգևոր խորհրդի վեց անդամներ դարձան մեղադրյալներ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։

«Վեհափառ Հայրապետին մեղադրում են մի բանի համար, որը վերաբերում է ներեկեղեցական իրավասությանը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ իր նախադեպային որոշումներում հստակ դիրքորոշում է հայտնել, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ինքնավարությանը։ Իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը»,- ընդգծում է փաստաբան Զոհրաբյանը:

Մայր Աթոռի փաստաբանական թիմում ի սկզբանե էին տարակուսած՝ պետությունն ի՞նչ գործ ունի եպիսկոպոսի ու Մայր Աթոռի հարաբերություններում։ Ասում են՝ «նրանք ուխտով են կապված ոչ թե աշխատանքային պայմանագրով, որ քննարկման հարց դառնա դատարանում»: Բնականաբար, այդպես չի կարծում Գևորգ Սարոյանը։

«Պետությունը որևէ կերպ չի խառնվել այս խնդրին, ես՝ իբրև նաև այս երկրի քաղաքացի, դիմել եմ դատարան, ելնելով նրանից, որ Մայր Աթոռում գործող որևէ ատյան, ըստ էության, չի աշխատում։ Ես առաջին հայ հոգևորականն եմ, միգուցե, բարձրաստիճան, որ դատի եմ տվել այդ անարդար որոշումը վերանայելու համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պնդում է՝ Էջմիածնի կարգապահական ատյանները չեն գործել ինքն էլ դատարան է դիմել։ Փաստաբան Զոհրաբյանի պնդմամբ՝ Վեհափառին ու վեց միաբաններին մեղադրյալ դարձնելը 2018-ից եկեղեցու դեմ սկսված պետական ճնշումների շարունակությունն է։ «Ի վերջո, եթե նույնիսկ համարենք, որ հոգևորականները վճռի կատարմանը խոչընդոտել են, մի՞թե վարչական գործիքներ չկային, որ անմիջապես քրեականին անցան», հարցնում է փաստաբանը.- «Առաջինը քրիստոնեություն ընդունած պետության մեջ հոգևոր առաջնորդին մեղադրում են մի բանի մեջ, որը վերաբերում է իր կանոնական լիազորություններին։ Սա իրականում շատ ամոթալի բան է»:

Դատական առաջին նիստը Էջմիածնում է, դատավորը՝ Հակոբ Մանուկյանը։ Նա քննիչ է եղել Ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, Ազգային անվտանգության ծառայությունում։ Դատավոր է նշանակվել երեք տարի առաջ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում։ Այս առաջին նիստին Ամենայն Հայոց կաթողիկոսը հավանաբար կմասնակցի, տեղեկացրեց Վեհափառի ներկայացուցիչը, իսկ հետագա մասնակցության հարցը կքննարկվի:

Պաշտոնանկ արված ու կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանը, որ չի լքել Մասյացոտնի առաջնորդարանի շենքն ու եպիսկոպոսական սքեմ է կրում, դեռ չգիտի՝ կգնա նիստին, թե ոչ.- «Չեմ որոշել, կտեսնենք՝ ելնելով հանգամանքներից»։

Համենայնդեպս, շեշտեց՝ Վեհափառի հետ առերեսվելու հարցում կաշկանդվածություն չունի։ Ի դեպ, Դատալեքես տեղեկատվական համակարգում քրեական այս պատմության մասնակիցներից միայն եպիսկոպոսական կարգից զրկված տուժող Գևորգ Սարոյանն է ներկայացված՝ թե՛ աշխարհիկ ու թե՛ հոգևոր անունով։ Մյուսները՝ Մայր Աթոռի գործող եպիսկոպոսները ու արքեպիսկոպոսներն այստեղ ներկայացված են միայն աշխարհիկ անուններով, օրինակ՝ Նելսոն Ռազմիկի Բաբայան ու ոչ մի հուշում, որ խոսքը Մուշեղ եպիսկոպոսի մասին է։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG