Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է հսկող դատախազին։
Ըստ քննության՝ 64-ամյա տաքսու վարորդը, օգտվելով ընտանիքի սոցիալական ծանր վիճակից, ամիսներ շարունակ սեռական շահագործման է ենթարկել անչափահաս աղջիկներից մեկին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև մյուս անչափահասին առևանգելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։
Մեկ այլ՝ 58-ամյա վեդեցի, ըստ ՔԿ-ի, դպրոց գնալու ճանապարհին առևանգել է նույն ընտանիքի անչափահաս աղջկան և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել։
Երրորդ մեղադրյալը՝ 39-ամյա երևանցին, որը, ըստ քննության, ընտանիքի հետ մտերմացել էր բարեգործության պատրվակով, մեղադրվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար։
Երեք մեղադրյալներն էլ կալանքի տակ են։
Գործը հանրային լայն արձագանք էր ստացել մայիսին, երբ հայտնի դարձավ, որ Վեդիում երկու անչափահաս քույրեր ամիսներ շարունակ սեռական բռնության են ենթարկվել։ Դրանից հետո պաշտոններից ազատվել էին Վեդիի և Արարատի մարզի ոստիկանության ու քննչական ստորաբաժանումների ղեկավարները, իսկ երեք կասկածյալները կալանավորվել էին։ Ավելի վաղ տուժողների փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ազատությանը» հայտնել էր, որ գործով նշանակվել են համալիր դատաբժշկական, դատահոգեբանական և դատակենսաբանական փորձաքննություններ։