Մատչելիության հղումներ

«Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ կապ ունեն ՔՊ-ականների բռնությունների հետ». իրավապաշտպան

Երեկվանից լրատվամիջոցներում ու համացանցում կադրեր են տարածվել, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արսեն Հարությունյանը հարվածում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներից մեկին: Բայց նրան դեռ հարցաքննության էլ չեն կանչել:

Որ Քննչական դեռ չեն կանչել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց անձամբ Հարությունյանը: Նա Մասիսի ավագանու ՔՊ խմբակցությունից է և Երկրապահ միության Մասիսի տարածքային կառույցի ղեկավարը:

«Ինքը գոռում էր, մի փոքր էլ ես եմ ձայնս բարձրացրել, ասել եմ՝ նստիր մեքենան, գնա, ընկեր ջան: Չեմ հարվածել, ուզեցել եմ նստեցնեմ մեքենան, չէր ենթարկվում, վատ խոսքերով, իրեն լավ չէր պահում», - ասաց Արսեն Հարությունյանը:

Իշխող կուսակցության անդամը, չնայած տեսանյութին, պնդում է, թե հարվածելու նպատակով չի մոտեցել Դավիթին: Մասիսի Նոր Կյուրին համայնքում երեկվա ծեծկռտուքի համար «Ուժեղ Հայաստանի» անդամներին է մեղադրում, թե նրանք են սադրել: Իսկ ի՞նչ են արել, որ սադրել են. «Մեր մեքենան տեսնելով ավելի բարձրացրեցին ձայները»:

Երկրապահ Հարությունյանի տպավորությամբ՝ ընդդիմադիրները փորձել են ցույց տալ, որ իրենք ավելի ուժեղ են, ՔՊ-ականներին տեսնելով՝ ավելի բարձր են վանկարկել, հետո էլ իրեն ասել են, թե մեկը թուրք է գոռացել: Որոշել են մեքենայից իջնել ու հասկանալ՝ ինչու, «Ազատությանը» պատմեց ՔՊ-ական Հարությունյանը:

«Կանայք բղավում էին բարձր, թե ինչի համար, ես չեմ էլ հասկացել՝ ինչ է կատարվել: Ես ընդամենն ուզեցել եմ էդ տղային նստեցնեմ մեքենան, որ ինքը գնա, շարունակի իր ճանապարհը, բայց չենթարկվեց, մի քիչ քաշքշոցի եղավ», - ներկայացրեց նա:

Այդ տղայի անունը Դավիթ է, «Ուժեղ Հայաստանի» համակիրներից է, նա այսօր հրաժարվեց մեզ հետ զրուցել: Իսկ իր թիմակիցներից Հրայր Գևորգյանը երեկ «Ազատությանն» ասել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել: Հրայր Գևորգյանն էլ սադրանքի համար ՔՊ-ականներին էր մեղադրում:

«Դուք էլ եք տեսնում կադրերում, որ մեր քարոզարշավը խոչընդոտվում է, նրանք հարձակվում են, նախաձեռնողը իրենք են լինում, Դավիթին արյունոտ բերել են օֆիս», - ասել է Գևորգյանը:

Տեսանյութում լսվում է նաև մի կնոջ ձայն, որ գոռում է՝ «հղի եմ, ինչո՞ւ եք խփում»: Արսեն Հարությունյանն ասում է, թե այդ ժամանակ չի էլ լսել նման բան. «Որ գոռում էր՝ «ծեծել եք ինձ, հղի եմ», ընդհանրապես չեմ էլ տեսել որտեղ է կամ ով է, ճիշտ է ասում, սուտ է ասում»:

Արսեն Հարությունյանը մարմարաշեն գյուղից է, օրերս քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու ինչ-որ արդյունքներ գրանցելուց հետո, առաջարկում էր ընտրություններից հետո հանդիպել, Փաշինյանն էլ խոստացավ հենց գյուղում էլ հանդիպել:

«Արդեն կասկած չկա ընտրովի արդարադատության մասին». իրավապաշտպան

Նոր Կյուրինի միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել մի խումբ մարդկանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու հատկանիշներով, բայց չնայած տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է, երեկվանից որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել: Մինչդեռ արցախցի Արթուր Օսիպյանին Փաշինյանին հարցեր տալուց ժամեր անց կալանավորեցին ու 16 օր է՝ խիստ ռեժիմով պահում են բանտում: Ընտրովի արդարադատությունն էլ ո՞նց է լինում, հարցնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Արմեն Հովհաննիսյանին կալանավորեցին իշխող ՔՊ-ի քարոզչական պաստառը պոկելու համար, երբ այս արարքը ենթադրում է վարչական պատիժ ու կալանավորված տղամարդը նույն օրը հոգեբուժարանում ինքնասպանություն գործեց, հիշեցնում է իրավապաշտպանը. «Իրավապահ համակարգը մեռած է»:

Փաշինյանին հարցեր տալն ու ՔՊ-ի պաստառը պոկելը մարդկանց համար ճակատագրական դառնում, բայց երբ Փաշինյանի թիմակիցներն են բռնություն գործադրողները համակարգն, ըստ Ալեքսանյանի, ուղղակի չի գործում:

«Տիկին դատախազ, կանխեք Ձեր որոշումներով այս բռնությունները: Եթե Դուք ոչինչ չենք անում, էս վիճակը լարվելու է ու հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների», - ասաց Ալեքսանյանը:

Մասիսի այս դեպքերին «Ուժեղ Հայաստանից» արձագանքել են, իսկ «Քաղաքացիական պայմանագրից» ոչ մի բառ: Դիտորդական կազմակերպություններից էլ արձագանք չկա: Ժաննա Ալեքսանյանին հատկապես այս լռությունն է զայրացնում. «Շատ եմ վախենում, որ գնալով լարվելու է այս իրավիճակը: Նաև արձանագրում եմ, որ դիտորդական կազմակերպությունները չեն դատապարտում այս բռնությունները: Արդյոք սրանք հավասա՞ր ընտրություններ են, արդյոք ազատ, արդար ընտրություննե՞ր են, ոչ»:

«Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, ատելության խոսքը, սպառնալիքները ուղիղ կապ ունեն տեղի ունեցող բռնությունների հետ», - նշեց նա

«Կալուգացուն էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ սատկացնելու», - Նիկոլ Փաշինյանի այս սպառնալիքներից են գոտեպնդվում շարքային ՔՊ-ականներն ու ձեռքերին ազատություն տալիս՝ ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի: Նրա գնահատմամբ՝ բռնություն գործադրողների նկատմամբ անպատժելիությունը ու ամենաթողությունը բերելու է անդառնալի հետևանքների:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG