«Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար», - այսօր ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետև եթե դուք տեսնեք Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է: Եվ ի վերջո երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել», - նշեց Փաշինյանը:
«ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ էլ ենք տեսնում, և էլի ասում եմ՝ մենք առանց նյարդի, գործընկերային հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծենք», - վստահեցրեց վարչապետը:
«Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ: Էդ հնարավորությունների անկյունաքարը և առանցքը TRIPP նախագիծն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մոսկվան տևական ժամանակ Երևանին հորդորում է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հայկական կողմից էլ արձագանքում են, թե դեռ ընտրության պահը չի հասունացել:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, թե ԵԱՏՄ մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Նախօրեին էլ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի:
«Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, և ինչպես գիտենք՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից», - նշել է Օվերչուկը: