Նախորդ անգամ անցողիկ շեմը չհաղթահարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու, Եվրամիությանն անդամակցելու թեզերով: Քաղաքական այս ուժի ղեկավար Արման Բաբաջանյանը կարծում է, որ գործող իշխանություններին պակասում է խիզախությունը՝ Եվրամիությանն անդամակցության հարցում գործնական քայլեր անելու: Պնդում է, թե անցած շաբաթ Երևանում անցկացված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը բաց թողնված հնարավորություն էր:
«Եվ ես հույս ունեմ, որ խորհրդարանում մեր գտնվելը էական փոփոխություն կբերի նաև այս հարցում, որովհետև կարծում եմ, որ իշխող ուժին հավելյալ վառելիք է պետք, որպեսզի և՛ կարողությամբ օժտվի, և՛ համապատասխան կոմպետենցիայով օժտվի, որպեսզի այն օրակարգերը, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի չափանիշներին ու ստանդարտներին, Հայաստանի արդարադատության համակարգին, ենթակառուցվածքներին, այն ամբողջ շրջանակը, որ մեզ համար ծայրաստիճան կարևոր է Եվրամիության հետ հարաբերությունները գծագրելիս, մենք կարողանանք որակյալ բանակցող թիմ ունենալ Հայաստանից: Որովհետև եվրոպացիները այս հարցերին ծայրաստիճան նաև պատասխանատու են վերաբերվում», - հայտարարեց Բաբաջանյանը:
Անցած շաբաթվա գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ուղարկել, թե՞ ոչ, Եվրամիությունն էլ թեև հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին, բայց առայժմ Միություն Երևանին չի հրավիրել:
Այդուհանդերձ, ըստ Բաբաջանյանի, Հայաստանը դեպի Եվրոպա է գնում, ու այդ հարցի պատասխանը տրվել է անցած տարի Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի ընդունմամբ: Այդ օրենքն էլ, սակայն, անդամակցության հայտ և Եվրամիությանը միանալու հանրաքվե չի ենթադրում: Բաբաջանյանը Լեհաստանի օրինակը բերելով՝ ասում է՝ առաջին քայլը Եվրամիությունը չպիտի անի:
«Մի սպասեք, որ Եվրամիությունը պիտի առաջին քայլը անի, առաջին քայլը անողը մենք պիտի լինենք, ինչպես եղան Եվրամիության անդմ Լեհաստանը, օրինակ, որին Եվրամիությունում չէին սպասում, բայց անդամակցությունից ընդամենը 15-20 տարի անց որևէ մեկի մտքով չի անցնում պատկերացնել Եվրամիություն առանց Լեհաստանի», - ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը՝ շարունակելով. - «Մեր ժամանակն էլ պիտի գա, մենք այս նպատակից չենք շեղվելու, որովհետև շեղվել այս նպատակից՝ կնշանակի չհավատալ Հայաստանի ապագային: Մենք համառորեն հավատում ենք Հայաստանի հարատևությանն ու հավերժությանը և դա կապում ենք իրական, Հայաստանի իրական դաշնակիցների հետ, որոնք Եվրամիությունում են, Եվրամիության անդամ երկրներ են, ում հետ մենք ունենք շահերի, նպատակների և արժեքների ընդհանրություն»:
Արման Բաբաջանյանի ղեկավարած ուժը սպառնալիք է համարում 1993 թվականից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան: Պնդում է, թե այն իր գործառույթն արդեն ավարտել է: Ըստ նրա՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների աջակցությամբ հնարավոր կլինի կառավարելի դարձնել Թուրքիայից եկող սպառնալիքը, բայց ոչ չեզոքացնել: Եթե բազան դուրս բերվի, արդյո՞ք հաշվարկել են, թե ինչ հետևանքներ կլինեն:
«Այսինքն՝ մեկը, ով եկել է մեզ սպառնալիքից պաշտպանի, ինքը կդառնա սպառնալի՞ք: Ձեր հարցադրումը հենց պատասխանն է, որ իրական սպառնալիքը մենք դրել ենք մեր պետության մեջ, և մեզ թվում է՝ այդ սպառնալիքը մեզ պաշտպանում է ուրիշ սպառնալիքից: Հետևաբար՝ սպառնալիքը արմատապես պետք է երկրից արմատախիլ անել, գտնել հարևանների հետ փոխկապակցվածության այնպիսի հարաբերությունների շրջանակ, որը հնարավորություն կտա հարյուրամյա խաղաղ և անվտանգ կյանքի, ապագայի», - ընդգծեց Բաբաջանյանը:
Այսօր նախընտարական հանդիպումներով «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկանածուները Արթիկում ու հարակից գյուղերում էին: Հենց այս հարցերի շուրջ էին խոսում ընտրողների հետ: Քաղաքական այս ուժը նշում է, որ նպատակը նաև ընդդիմափոխությունն է:
2021-ին «Հանուն Հանրապետություն»-ը դաշինքով էր մասնակցում խորհրդարանական ընտրություններին և ստանալով ընտրողների ձայների 1.5 տոկոսը՝ դուրս մնաց խորհրդարանից: Այն ժամանակ դաշինքների համար անցողիկ շեմը 7 տոկոս էր: