Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքի գործերով 6 անձ կալանավորվել է, մեկը տնային կալանքի տակ է

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են, ևս մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Անցած երկու օրերին Հակակոռուպցիոնը ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործերի ու նոր ձերբակալությունների մասին հայտնեց:

Հակակոռուպցիոն կոմիտեում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ու աջակիցների նկատմամբ փետրվարից մինչև այսօր 7 առանձին քրեական վարույթ է հարուցվել՝ ընտրակաշառք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցությունը հարկադրելու հոդվածներով:

Օրերս հրավիրած ասուլիսում «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը հերքել էր ընտրակաշառք բաժանելու մասին իրավապահների պնդումները. «Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք: Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն: Դրանք ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որն արտացոլվում է այդպիսի տեսքով»:


XS
SM
MD
LG