Մատչելիության հղումներ

«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչի

«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյան, արխիվ
«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյան, արխիվ

Կալանավորումից մեկ օր անց Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել նախկին հետախույզ, Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը: Նա ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է: Հացադուլի մասին այսօր տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանը:

«Կանդազը իրականացնում է հացադուլ՝ հացադուլ [հանուն] Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության», - հայտարարեց Հովսեփյանը:

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ սննդից հրաժարված Ավանեսյանն այս պահին առողջական վիճակից բողոքներ ու գանգատներ չունի:

Իրավապահները պնդում են, որ Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության: Հակակոռուպցիոնում համարում են, որ սա ընտրակաշառք է, դատարանն էլ երեկ նրան երկու ամսով կալանավորեց: Հակակոռուպցոն կոմիտեն Կանդազին առնչվող գործով գաղտնալսումներ էր հրապարակել:

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից», - ասված էր Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:

Ձայնագրություններում Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի թիմում է, որ ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում է ինչ-որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին: Հրապարակված գաղտնալսման մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնկարկ չկա:

Հակակոռուպցիոնը, սակայն, դատարանին միջնորդել էր կալանավորել ընդդիմադիր ուժի ներկայացուցչին, պնդել, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի կամ էլ կազդի գործով անցնող անձանց վրա:

Նախկին զինվորականից հետո Հակակոռուպցիոնն այսօր «Ուժեղ Հայաստան»-ի ևս հինգ ներկայացուցչի է ձերբակալել՝ առավոտյան Ավանի գրասենյակը խուզարկելուց հետո: Թե ովքեր են նրանք, ոչ իրավապահները, ոչ էլ ընդդիմադիր կուսակցությունը դեռ չեն մանրամասնում: Հակակակոռուպցիոնը միայն հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման քրեական վարույթի շրջանակներում:

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Հակակոռուպցիոնը կդիմի դատարան՝ կալանավորելու ընդդիմադիրներին, այնպես, ինչպես արել է այս ուժի մյուս ներկայացուցիչների պարագայում:

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը «Ազատության» հետ զրույցում սև քարոզչություն որակեց իրենց ուժի շուրջ օր-օրի ավելացող քրեական գործերը նույն՝ ընտրական խախտումների հոդվածներով:

«Այն, որ նշվածը իրենից ներկայացնում է սև քարոզչության տարրեր, դա ակնհայտ է: Դա մենք տեսնում ենք նաև համացանցում, թե ինչ ակտիվությամբ ցանկացած մի քրեական վարույթի նյութ երբ հրապարակվում է, ինչպես իրար հերթ չտալով կրկնում են նույն թեզերը», - ասաց Վարդևանյանը:

Այսօրվա ձերբակալությունների իրավական մանրամասների մասին «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տվել:

Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշառքի, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի և նյութապես շահագրգռելու հոդվածներով: «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են, թե ապօրինի քայլեր են արել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG