Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Պակիստան, սակայն Իրանը բանակցելու որոշում դեռ չի կայացրել

Պակիստան - Իսլամաբադը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլը, 18-ը ապրիլի, 2026թ.
Պակիստան - Իսլամաբադը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլը, 18-ը ապրիլի, 2026թ.

Հորմուզի նեղուցում նոր լարվածության ֆոնին ամերիկյան պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցելու: Իրանը, սակայն, բանակցություններին մասնակցելու ծրագիր այս պահին չունի և որոշում դեռ չի կայացրել, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը:

Էսմայիլ Բաղային նաև զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը և խախտում հրադադարը: Նա նաև դժգոհել է՝ ԱՄՆ-ն իր վարքագծով ապացուցում է, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտությանը:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ԱՄՆ-ն անազնիվ գործեց և խախտեց հրադադարը։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն կարծես լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին», - ասել է Բաղային:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը հստակ ներկայացրել է իր պահանջները, որոնք չեն փոխվելու, որքան էլ ԱՄՆ-ն պնդի: Բաղային շեշտել է՝ երբ սեղանին դրված է երկրի պետական շահերի պաշտպանության հարցը, Իրանին չեն վախեցնում ոչ վերջնաժամկետները, ոչ էլ վերջնագրերը:

Իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա էլ անանուն մնալու պայմանով Reuters-ին ասել է, որ միջնորդ Պակիստանը ջանքեր է գործադրում ամերիկյան շրջափակումը վերացնելու և բանակցություններին Իրանի մասնակցությունն ապահովելու համար։ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է այս չորեքշաբթի:

Al Jazeera-ն հայտնում է, որ Իսլամաբադում սպասում են իրանական պատվիրակությանը և նախապատրաստական հսկայական աշխատանքներ են արվել. անվտանգության մոտ 20 հազար աշխատակից է տեղակայվել, քաղաքի մեծ մասն ամբողջությամբ փակ է: Պակիստանի ներքին գործերի նախարարն Իրանի դեսպանի հետ քննարկել է այդ աշխատանքները և վստահեցրել՝ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծվել են հանդիպման համար:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան զինուժն Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է առգրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը: Դոնալդ Թրամփն ասել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու՝ ամերիկյան կողմի բազմաթիվ զգուշացումները: Արդյունքում՝ ամերիկյան զինուժը գրավել է TOUSKA անունով նավը, որն այժմ ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է», սոցցանցում գրել է Թրամփը։

«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի օգտին ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում, թե ինչ կա դրա վրա», - գրել է ԱՄՆ նախագահը:

Իրանն ԱՄՆ զինուժի գործողությունը ծովահենություն է անվանել և խոստացել պատասխանել։ Ավելի ուշ կիսապաշտոնական Tasnim-ը հաղորդել է, որ Իրանն անօդաչուներով հարվածել է Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի։ Գործակալությունը, սակայն, չի մանրամասնում, թե արդյոք վնաս պատճառվել է ամերիկյան նավերին: ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել լուրը:

Չնայած տասնօրյա հրադադարին՝ իրավիճակն անկայուն է նաև Լիբանանում: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն մի շարք պայթյուններ է կազմակերպել՝ թիրախավորելով իսրայելական ռազմական ավտոշարասյունը:

Իսրայելական բանակն էլ հայտնել է, որ Լիբանանի հարավում գիշերը հարվածել են հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի գրծողության ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի ահաբեկչական շարունակական գործողությունների», - հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակ Ավիչայ Ադրային:

Պատերազմի հետևանքով Լիբանանում 1 մլն մարդ է տեղահանվել: Հրադադարի հաստատումից ի վեր հազարավոր մարդիկ են վերադառնում իրենց տներ, այդ թվում՝ հարավային բնակավայրերում:

Ու մինչ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցությունները, Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելն առաջիկայում բանակցություններ կվարեն, որոնք կապ չունեն ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ: Ժոզեֆ Աունը նշել է, որ Լիբանանի պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ-ում Լիբանանի նախկին դեսպան Սայմոն Քարամը:

Լիբանանում տասնօրյա հրադադարն ավարտվում է այս շաբաթ:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG