Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակել ղարաբաղյան շարժումը, թե ոչ: Հենց դա էլ, ըստ Փաշինյանի, կկանխորոշի՝ պատերազմ կլինի, թե ոչ:
«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», - նշեց Փաշինյանը և հավելեց, - «Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ «որոշել ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»: Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է»
Ընտրություններին մասնակցող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» իրատեսական չի համարում Արցախի անկախությունը, այս պահին քաղաքական ուժը առաջնային է համարում արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքը:
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսելով արցախյան շարժման մասին ասել էր, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնելու շուրջ, որից հետո արդեն անդրադառնալ նրանց անվտանգ վերադարձի հարցին:
Քոչարյանն ասել էր, որ դրան դժվար, բայց հնարավոր է հասնել:
Փաշինյանը մեղադրեց նախկիններին Ղարաբաղի ժողովրդին 30 տարի «պատանդ» պահելու համար
Փաշինյանը միչդեռ այսօր հեռակա մեղադրեց նախկիններին, այդ թվում՝ Քոչարյանին՝ Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար:
«Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված, մենք ի վերջո չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում: Այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ՝ փախածներ: Մի անգամ ամբիոնից ասացի՝ վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները էս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ», - նշեց Փաշինյանը:
Ոչ միայն ղարաբաղյան շարժումը շարունակելը, այլև Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը ևս, ըստ Փաշինյանի, կոնֆլիկտ է հրահրում: Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում՝ պահանջելով Հայաստանի մայր օրենքից հանել այդ հիշատակումը:
«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերջին օրերին ակտիվորեն պնդում է, թե սեպտեմբերին սպասվում է «աղետաբեր պատերազմ», եթե ընտրություններում իր առաջնորդած ՔՊ-ն չստանա Սահմանադրական մեծամասնություն:
Ընդդիմությունը այս զգուշացումը որակել է «շանտաժ», նշելով, որ Փաշինյանը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է կատարում՝ պատերազմի սպառնալիքով փորձելով ազդել ընտրողների վրա:
Փաշինյանն այսօր էլ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը:
«Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, բոլոր երեքը հանդես են գալիս... մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք: Այսինքն, ընդհանուր տրամաբանությունը դա է, իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել ու այդ խաղաղությունը պետք է խնամել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չի, ու դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը», - ասաց նա:
Ընդդիմությունն այսօր ողջ կազմով բոյկոտել էր կառավարության հետ հարցուպատասխանը և Փաշինյանը կուսակիցների հարցերի միջոցով էր արձագանքում էր ընդդիմադիր ուժերի քննադատություններին, ու նաև նախընտրական թեզերին:
«Հայաստանի անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը Հայաստանը տարել է սպանդանոց»
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը կասկածի տակ են դնում Փաշինյանի բերած խաղաղությունը՝ պնդելով, որ այն իրական չէ և կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի քմահաճույքից: Հետևաբար ընդդիմադիր ուժերը առաջարկում են ընտրողին մի քանի պետությունների կողմից երաշխավորված խաղաղություն հաստատել:
Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից, հակադարձելով ընդդիմադիր ուժերին, հայտարարեց՝ Հայաստանը մի անգամ արդեն ունեցել է երաշխավոր, որը երկիրը տարել է սպանդանոց. «Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է, Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել, Թուրքիան: Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցե՞լ ենք, թե՞ չենք ունեցել անվտանգության երաշխավոր, ունեցել ենք, ո՞վ է եղել, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց, չեք հավատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք՝ Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում: Հիմա մենք քանի որ դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ «էս ո՞ւր եք գնում, մի րոպե»:
«Հայաստանի երաշխավորը Հայաստանի քաղաքացին է»
Փաշինյանը նաև պատկերավոր նկարագրություններին անցավ՝ ասելով, թե երաշխավորի ժամանակ Հայաստանը ուներ «հորթի կարգավիճակ», որի վզից պարան գցած որտեղ ուզում տանում էին, մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքացին է իր իսկ երաշխավորը:
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունքի չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա, ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի՝ «եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի», - ասաց վարչապետը:
Հարցուպատասխանին մասնակցող արտգործնախարարն ընդունեց, որ ժամանակին իրենք Ադրբեջանի հետ բանակցում էին հենց երաշխավորի ինստիտուտն ամրագրելու համար, սակայն, վարչապետի նման նա էլ պնդեց, որ երաշխավորը հետապնդում է իր շահը, ոչ ոք, ըստ Արարատ Միրզոյանի, ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և իր զինվորների արյունը չի թափում: