Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ-ն պաշտոնապես խնդրել է երկարաձգել հրադադարի մասին երկշաբաթյա համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ին:
Նա Պակիստանի միջնորդությամբ բանակցություններն անվանել է «արդյունավետ և շարունակական»: Ըստ Լևիտի՝ բանակցությունների հաջորդ փուլն ամենայն հավանականությամբ կրկին տեղի կունենա Պակիստանում:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցմանը»:
«Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։
Նրա խոսքով՝ «իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի ռեժիմի պահպանման համար»։ «Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով», - ընդգծել է Աունը:
Միացյալ Նահանգներն ընդլայնում է Իրանի ծովային շրջափակումը: Պատժամիջոցների տակ գտնվող այն նավերը, որոնք կասկածվում են մաքսանենգ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ, կարող են զննվել, ընդհուպ՝ առգրավվել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
«Շրջափակումն իրականացնելուց զատ, իրանական բոլոր նավերը, Օտարերկրյա ակտիվների կառավարման գրասենյակի (OFAC) սամանած պատժամիջոցների տակ գտնվող նավերը և մաքսանենգության մեջ կասկածվող բոլոր նավերը ենթակա են ստուգման՝ իսկության ճշտման համար», - հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Գերատեսչությունից հայտնում են՝ ԱՄՆ ուժերը կարող են այցելել այդ նավեր, գրոհել, զննել և առգրավել դրանք, անկախ գտնվելու վայրից։
Վաշինգտոնի այս քայլը Թեհրանի դեմ ճնշման արշավի հերթական դրսևորումն է։ Այն կարող է նոր ռիսկեր ստեղծել միջազգային բեռնափոխադրումների և էներգետիկ շուկաների համար, որոնք արդեն իսկ խաթարված են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պատճառով։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մոտ ապագայում հեռախոսով զրուցել չի պատրաստվում։ Այս մասին Reuters-ին հաղորդել են միանգամից երեք դիվանագիտական աղբյուրներ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, թե շուտով Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև ուղղակի շփումներ կլինեն՝ առաջին անգամ 1992 թվականից ի վեր։
«Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանի երկակի նշանակության ենթակառույցներին»,- այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Այս պահին մենք աննախադեպ վերազինման փուլում ենք, նաև շատ ավելի կատարյալ հետախուզական տվյալների ենք տիրապետում»,- հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարը։ Խոսելով Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման մասին՝ Հեգսեթն այն «բավական քաղաքավարի քայլ» է անվանել։
«Նախորդ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո Իրանն ու ԱՄՆ-ը այլևս համապարփակ խաղաղության հասնելու հույս չունեն», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներ վկայակոչելով։
Գործակալության զրուցակիցների պնդմամբ՝ այժմ կողմերը աշխատում են հուշագրի մշակման վրա, որ թույլ կտա խուսափել հակամարտության վերսկսումից և որոշակիորեն կկարգավորի իրավիճակը Հորմուզի նեղուցում։
Այսօր կայացել է Միացյալ Նահանգների և Լիբանանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Դոնալդ Թրամփն ու Ժոզեֆ Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման հարցը։
Axios կայքի տեղեկություններով հրադադարը Լիբանանում կարող է ուժի մեջ մտնել արդեն առաջիկա ժամերին։ Իսրայելական Haaretz պարբերականի տեղեկություններով՝ հրադադարի մասին կողմերը կարող են հայտարարել արդեն այս գիշեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 16-ից: Նա այս masin հայտարարeլ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։
«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար», -Truth Social կայքում գրել է Թրամփը:
«Երեքշաբթի օրը երկու երկրները 34 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին այստեղ՝ Վաշինգտոնում, մեր մեծ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Ռազին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Ինձ համար պատիվ է եղել լուծել աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը», - նշել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «շատ հաջող» է ընթանում և, որ «պետք է շատ շուտով ավարտվի»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին՝ հավելելով, որ վստահ չէ, որ հրադադարը պետք է երկարաձգվի։ Թրամփը նշել է, որ եթե Իսլամաբադում Իրանի հետ համաձայնագիր կնքվի, ինքը կարող է մեկնել:
Նախագահը նշել է. -«Եթե համաձայնություն չլինի… մարտական գործողությունները կվերսկսվեն»: Թրամփը, սակայն, ժամկետների մասին չի խոսել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հույս է հայտնել, որ «Հեզբոլա» զինված խմբավորումը «պատշաճ» կերպով կգործի Լիբանանի և Իսրայելի միջև մի քանի ժամ առաջ կնքված 10-օրյա հրադադարի ընթացքում։
«Հուսով եմ, որ «Հեզբոլա»-ն լավ և պատշաճ կերպով կգործի այս կարևոր ժամանակահատվածում», - Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Դա մեծ պահ կլինի նրանց համար, եթե նրանք դա անեն։ Վերջ սպանություններին։ Պետք է վերջապես խաղաղություն լինի», - ընդգծել է Սպիտակ տան առաջնորդը։