«Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։
Նրա խոսքով՝ «իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի ռեժիմի պահպանման համար»։ «Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով», - ընդգծել է Աունը:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր: Դոնալդ Թրամփը նշել էր, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:
Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել շաբաթասկզբին Վաշինգտոնում կայացած բանակցությունները Լիբանանի հետ: