Եվրոպական միության անդամ պետությունները պետք է համակարգեն էներգիայի գները, քանի որ Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր հանածո վառելիքի ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով, հայտարարել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա նշել է, որ դիտարկում են նաև անդամ պետությունների գազի պահեստավորման գործունեության համակարգման հարցը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը բացասական կազդի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման վրա, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Մասլեննիկովը։
«Տարածաշրջանի երկրների պարենային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնը Հորմուզի նեղուցի արգելափակումն է, որն արդեն խաթարել է սննդամթերքի և հումքի մատակարարման ձևավորված տրանսպորտային և լոգիստիկ շղթաները»,- ասել է նա՝ պնդելով, թե նախնական գնահատականներով՝ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա երեք ամիս և ավելի, տարածաշրջանի երկրները կբախվեն պարենային անվտանգության լուրջ ռիսկերի։
ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ չեն ներգրավվի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում՝ Հորմուզի նեղուցը շրջափակելու հարցում, ինչը ևս մեկ անգամ սրում է լարվածությունն արդեն իսկ փխրուն դաշինքի ներսում։
Իրանից վտարված շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է արտերկրում գտնվող իրանական ընդդիմության տարբեր խմբերի հետ՝ կրկին ընդգծելով իր ցանկությունը «ծառայել որպես միավորող ազգային գործիչ, այլ ոչ թե կուսակցական»։
Փահլավին այս մասին ասել է Ստոկհոլմ կատարած այցի ընթացքում, որտեղ ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ պահպանողական Քրիստոնյա դեմոկրատների և ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության հրավերով։
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված չինական տանկերը նախօրեին անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանած շրջափակմանը, հայտնում է Reuters-ը:
Տվյալները ցույց են տալիս, որ «Ռիչ Սթարրի»-ն առաջինը կլինի, որը կանցնի նեղուցով և դուրս կգա ծոցից՝ շրջափակման սկսվելուց ի վեր։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել տանկերի և դրա սեփականատիրոջ նկատմամբ՝ Իրանի հետ գործարքներ կնքելու համար։ Ընկերությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Տվյալները ցույց են տալիս, որ տանկերի անձնակազմը չինացի է։
Ըստ LSEG-ի տվյալների՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ տանկեր՝ «Մուրլիկիշանը», նույնպես երեքշաբթի օրը ուղևորվել է նեղուց:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես ասել է, որ հակամարտությունը լուծելու ջանքերը դեռևս ընթացքի մեջ են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել և ցանկանում է համաձայնագիր կնքել: Թրամփն ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։
«Իրանը միջուկային զենք չի ունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը»։
AP-ի հաղորդմամբ՝ մինչև ԱՄՆ-Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ավարտը, քննարկվում է նոր բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
AP-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադը կրկին քննարկվում է որպես հանդիպման անցկացման վայր։ Ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցին նաև նշել են, որ հնարավոր է նաև Ժնևում տեղի ունենան բանակցությունները: Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն, սակայն բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։
Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ն:
Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։
AFP-ին հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանը աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:
«Աշխատանքներ են տարվում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, իհարկե, մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան Իսլամաբադ, բայց վայրը դեռևս վերջնականապես որոշված չէ», - հայտնում է AFP-ին՝ հղում անելով իր աղբյուրներին: