Մատչելիության հղումներ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը բացասական կազդի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման վրա. ՌԴ

ՌԴ ԱԽ նիստ, արխիվ
ՌԴ ԱԽ նիստ, արխիվ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը բացասական կազդի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման վրա, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Մասլեննիկովը։

«Տարածաշրջանի երկրների պարենային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնը Հորմուզի նեղուցի արգելափակումն է, որն արդեն խաթարել է սննդամթերքի և հումքի մատակարարման ձևավորված տրանսպորտային և լոգիստիկ շղթաները»,- ասել է նա՝ պնդելով, թե նախնական գնահատականներով՝ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա երեք ամիս և ավելի, տարածաշրջանի երկրները կբախվեն պարենային անվտանգության լուրջ ռիսկերի։

Ռիսկի խմբում են առաջին հերթին Սաուդյան Արաբիան, որը սննդամթերքի ներմուծման շուրջ 70 տոկոսն իրականացնում է ծովով, ինչպես նաև Հորդանանը, որը հացահատիկի պակասի լուրջ խնդիր կունենա, եթե Եմենի հութի ապստամբներն արգելափակեն Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի խոսքով՝ սննդամթերքի ֆիզիկական պակաս կարող է ի հայտ գալ արդեն 2026 թվականի երրորդ կամ չորրորդ եռամսյակում։

«Երկարաժամկետ հեռանկարում համաշխարհային պարենային շուկաների ընդհանուր կորուստները կարող են հասնել համաշխարհային ՀՆԱ-ի 0.5 տոկոսից մինչև 2 տոկոսի, ինչը համարժեք է մոտ 0.7 տրիլիոնից մինչև 2.2 տրիլիոն դոլարի կորստի, իսկ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը կարող է աճել 45 միլիոնով՝ հասնելով ռեկորդային 673 միլիոնի»,- ասել է նա։


XS
SM
MD
LG