ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք» է կատարում՝ Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում:
«Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեն՝ անպատվաբեր։ Սա այն համաձայնագիրը չէ, որը մենք ունենք», - Truth Social-ում գրել է Թրամփը
«Կան հաղորդագրություններ, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է դա չանեն, իսկ եթե դա անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», - մեկ այլ գրառման մեջ գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Իսրայելը և Լիբանանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում, AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
«Մենք կարող ենք հաստատել, որ հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացվի՝ քննարկելու Իսրայելի և Լիբանանի հետ հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները», -AFP-ի փոխանցմամբ ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարեց Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլա»-ի զինաթափման վրա։
Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակություններն այսօր պետք է ժամանեն Իսլամաբադ՝ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունների:
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցած նավերի մեծ մասը կապված է եղել Իրանի հետ, վկայում են նավերի տեղաշարժի տվյալները։
Այլ նավեր հետաձգել են իրենց ուղևորությունները՝ չնայած այս շաբաթ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարին։
Տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում նավարկվել է նաև չորս բեռնանավ, դրանցից մեկը երկաթի հանքաքար էր տեղափոխում Իրանից Չինաստան:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր հայտարարել է, որ անհամբեր սպասում է Իրանի հետ առաջիկա բանակցություններին և որ ակնկալում է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները դրական կլինեն։
Վենսն այս մասին խոսել է Վաշինգտոնից Պակիստան մեկնելուց առաջ։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, այսօր առավոտյան ժամանել է Իսլամաբադ: Պատվիրակությանը դիմավորել են Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը և արտգործնախարար Իշաք Դարը:
Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների նպատակով Պակիստանի մայրաքաղաք է ժամանել երեկ:
Սա ԱՄՆ-Իրան ամենաբարձրաստիճան բանակցությունն է 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից և 2015-ին երկու կողմերի միջև առաջին պաշտոնական բանակցություններից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք տարաձայնություններով են գնում բանակցությունների: Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը ևս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ: Ըստ նրա՝ այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն լո՞ւրջ է տրամադրված կայուն խաղաղությանը հասնելուն: Պաշտոնյան նաև ասել է, որ ԱՄՆ համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները:
ԱՄՆ-ն, սակայն, պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ հրաժարվի միջուկային ծրագրից: Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի:
«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Բայց միևնույն է՝ մենք կբացենք նեղուցը։ Մի՛ մոռացեք, որ մենք չենք օգտվում այդ նեղուցից, այլ երկրներ են օգտագործում այն», - հայտարարել է Թրամփը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Թեհրանը բարի մտադրություններ ունի, սակայն չի վստահում ԱՄՆ-ին: «Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ձախողվել է, և տրված խոստումները խախտվել են», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է գործարք կնքել:
Իրանի արտգործնախարարը ևս հայտարարել է՝ Թեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի նկատմամբ զրո վստահությամբ: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աբբաս Արաղչին ասել է, որ ամեն ինչ կանեն «Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար»:
Պակիստանի արտգործնախարար Իշաք Դարը հույս է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն «կառուցողաբար կմասնակցեն բանակցություններին», ու վերահաստատել է՝ Իսլամաբադը կշարունակի աջակցել կողմերին՝ հակամարտության կայուն և տևական լուծման հասնելու համար։
Պակիստանը ևս համարում է, որ Լիբանանում հրադադարի հարցը պետք է ներառվի բանակցություններում։
Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղությունը հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:
«Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա և երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է», - հայտարարել է դեսպան Յեխիել Լեյթերը:
Պատերազմի մոտ մեկուկես ամսից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բանակցում են ամերիկացի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպմանը մասնակցում են նաև պակիստանցի պաշտոնյաներ:
Սա վերջին հիսուն տարում ամենաբարձր մակարդակի բանակցությունն է, որ անցկացնում են թշնամական երկու պետությունները: Ընդ որում, ի տարբերություն նախորդ միջնորդավորված հանդիպումների, այս անգամ քննարկումը դեմ առ դեմ ձևաչափով է: