Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին որոշումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռшզմական գործողությունները: Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար», - X-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Չնայած հրադադարի կնքմանը՝ Իսրայելն այսօր հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական թաղամասերին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այս հարվածներն ամենաուժգինն էին պատերազմի սկզբից ի վեր։
Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան, դրանց հստակ թիվը ճշտվում է։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է՝ իր երկիրը պահանջում է, որ Իրանի հետ կնքված հրադադարը չտարածվի Լիբանանի վրա։
«Մենք պետք է փոխենք Լիբանանում առկա իրողությունները՝ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Իսրայել Կացը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է իր իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին՝ ԱՄՆ հետ ձեռք բերված հրադադարի առթիվ։
Իրանի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ցանկացած նավ, որ կփորձի հատել Հորմուզի նեղուցն առանց Թեհրանի պաշտոնական թույլտվության, ոչնչացվելու է։ Այս մասին Իրանի զինված ուժերը զգուշացրել են այսօր նշելով, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ անխոչընդոտ ծովային հաղորդակցության համար։
«Ցանկացած նավ, որ բաց ծով դուրս կգա առանց մեր թույլտվության կթիրախավորվի և կոչնչացվի», - իրանցի զինվորականների հայտարարությունն է մեջբերում Reuters գործակալությունը։
«Եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին, Իրանը կլքի հրադադարի ռեժիմը», - Թեհրանում գործող Tasnim գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել են երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները։
Մեկ այլ իրանական լրատվամիջոցի՝ Fars գործակալության տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներից անմիջապես հետո դադարեցրել են նավթային լցանավերի շարժը Հորմուզի նեղուցով։
Իսրայելի նախորդ օրը Լիբանանին հասցրած ուժգին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 250-ի։ Իր հերթին, Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը կարևոր պայման է ԱՄՆ-ի հետ երեկ կնքված հրադադարի համաձայնության համար։
Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, մինչդեռ, երկրում զոհվել է 254 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1100-ը։ Երեկոյան նոր հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը պնդում է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի երեք կետերը բացահայտ և աներկբա խախտվել են, և նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են:
Ղալիբաֆը նշել է, որ այդ առաջարկի մեջ ներառվել է Լիբանանը, սակայն Սպիտակ տունն ու Իսրայելն այն մերժել են:
Նա նաև հիշատակել է Իրանի Հարավային Ֆարս նահանգ ներխուժած անօդաչու թռչող սարքի մասին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, սակայն, BBC-ին հայտնել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ նման միջադեպի մասին:
Նա ասել է նաև, որ Իրանի ուրանի հարստացման իրավունքը ներառվել է առաջարկի մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կմնան Իրանի շուրջ այնքան, քանի դեռ լիովին չեն պահպանվել հրադադարի պայմանները:
«Բոլոր ամերիկյան նավերը, ինքնաթիռները և ռազմական անձնակազմը, լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և մնացած ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն թուլացած հակառակորդի մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում՝ Իրանում և նրա շրջակայքում, մինչև լիովին պահպանվի իրական ձեռք բերված համաձայնությունը», - նշել է Թրամփը Truth Social-ում:
Ըստ Թրամփի՝ եթե ինչ-ինչ պատճառներով երկշաբաթյա հրադադարի կետերը չկատարվեն, ապա կսկսվի ավելի մասշտաբային և ուժեղ հարձակում, «քան երբևէ տեսել է որևէ մեկը»: Նա շեշտել է, որ հակառակ կեղծ հռետորաբանությանը՝ ոչ մի միջուկային զենք չպետք է լինի, իսկ Հորմուզի նեղուցը բաց և անվտանգ պետք է գործի: Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնեցրած հրադադարը կպահպանվի Լիբանանում և «առճակատման մյուս բոլոր գոտիներում»:
Մակրոնը հայտնել է, որ չորեքշաբթի զրուցել է Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ և փոխանցել նրանց, որ Լիբանանի ընդգրկումը անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հուսալի և ամուր:
Մակրոնը խոսել է նաև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ և դատապարտել Իսրայելի հարվածները, որոնք, նրա խոսքով, սպառնալիք են հրադադարի ռեժիմի կայունության համար:
Հազարավոր իրանցիներ այսօր հարգանքի տուրք են մատուցել Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ, ԱՄՆ-իսրայելական հարվածների ընթացքում սպանված Ալի Խամենեիի հիշատակին, որը շուրջ չորս տասնամյակ ղեկավարել էր երկիրը։