Մատչելիության հղումներ

եթերում Արաղչին նախքան Մոսկվա այցը կվերադառնա Պակիստան

Գլխավորը՝ համառոտ

14:26 9.4.2026

Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ հավելելով, որ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը պետք է զինաթափվի։


14:26 9.4.2026

ԱՄՆ նախագահի՝ «Իրանում քաղաքակրթության ոչնչացման» մասին հայտարարությունից ժամուկես հետո Հայաստանում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, սակայն դրա մասին չի հայտարարվել, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում իրադրությունը քննարկվել է այդ նիստին:

14:28 9.4.2026

ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում գրել է. «Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։

Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում: Գերատեսչությունը հույս է հայտնել, որ լարվածությունը կթուլանա և բոլոր ռազմական գործողությունները կդադարեն:

16:47 9.4.2026

Իրանը թույլ չի տա օրական ոչ ավելի, քան 15 նավ անցնի Հորմուզի նեղուցով՝ համաձայն հրադադարի մասին համաձայնագրի։ Լուրը հայտնում է TASS-ը՝ իրանական բարձրաստիճան աղբյուրին հղում անելով։

16:47 9.4.2026

Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ամբողջ երկրում զոհվածների թիվը գերազանցել է 3,000-ը։


17:40 9.4.2026

Իսրայելի զինվորականներն այսօր Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին զգուշացրել են անխուսափելի հարվածների մասին և կոչ են արել նրանց տարհանվել։

«Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են գործել և հարվածել «Հեզբոլլա» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական ենթակառուցվածքներին հարավային արվարձանների տարբեր տարածքներում։ Իսրայելի պաշտպանության բանակը չի մտադրվում վնասել ձեզ և գործում է միայն «Հեզբոլլա»-ի ակտիվիստների և ռազմական թիրախների դեմ։ Հետևաբար, ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք», - ասվում է բանակի արաբերեն հայտարարության մեջ, որը X-ում հրապարակել է Ավիչայ Ադրային։

08:39 10.4.2026

Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարումը կտեղափոխի նոր փուլ, նախօրեին պետական հեռուստատեսությամբ հնչեցված հայտարարության մեջ հայտարարել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Իրանը չի ձգտում պատերազմին, բայց չի հրաժարվի իր իրավունքներից»,- հավելել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

09:11 10.4.2026

Ավելի քան 60 երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Լիբանանում ՄԱԿ խաղաղապահների դեմ հարձակումները:

Reuters-ի փոխանցմամբ՝ 63 երկրները և Եվրամիությունը նաև «խորը մտահոգություն են հայտնել Լիբանանում տիրող մարդասիրական իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի զգալի թվի, քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և մեկ միլիոնից ավելի մարդկանց զանգվածային տեղահանման վերաբերյալ»։

09:22 10.4.2026

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է խաղաղության բանակցություններ սկսել Լիբանանի հետ, որոնք կներառեն նաև «Հեզբոլլա»-ի զինաթափումը։

«Հաշվի առնելով Լիբանանի կողմից Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու բազմիցս արված խնդրանքները, երեկ ես կառավարությանը հանձնարարեցի հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ», - ասել է Նեթանյահուն: «Բանակցությունները կկենտրոնանան «Հեզբոլլա»-ի զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա»։

Լիբանանի կառավարությունից առայժմ արձագանք չի եղել Նեթանյահուի հայտարարությանը:

Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ Լիբանանի նախագահն ասել էր, որ «Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները»։

10:37 10.4.2026

Ապրիլի 9-ին Հորմուզի նեղուցով անցել է 7 նավ, հաղորդում է Reuters-ը, նշելով, որ նախքան պատերազմը սովորաբար այդ թիվը 140-ի շրջակայքում է եղել:

Հորմուզի նեղուցով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: ԱՄՆ-ն պնդում է, թե այն բաց է, սակայն ըստ իրանական լրատվամիջոցների՝ սահմանափակ թվով նավեր են անցնում, ընդորում՝ Իրանի հետ համակարգմամբ: Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն ասել էր, որ նեղուցն ամբողջությամբ կվերաբացվի, երբ դադարեցվի ագրեսիան Լիբանանում:


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG