Իրանի զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրա։
«Եղբայրական Իրաքը ազատված է Հորմուզի նեղուցում մեր կողմից սահմանված ցանկացած սահմանափակումից», - ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ի տվյալներով՝ այս որոշումը կարող է հնարավորություն տալ շուկա դուրս բերել օրական մինչև երեք միլիոն բարել իրաքյան նավթ։ Սակայն իրաքցի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ գործնական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նավագնացության ընկերությունները պատրաստ են մտնել նեղուց՝ շարունակվող ռիսկերի պայմաններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social էջում արած գրառմամբ դիմել է Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փառք Ալլահին», - գրել է Թրամփը։
Իրանը և Օմանը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով Հորմուզի նեղուցով բեռների սահուն տեղաշարժի վերաբերյալ քննարկումներ են անցկացրել, տեղեկացնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումն անցկացվել է ապրիլի 4-ին «Արտաքին գործերի փոխնախարարների մակարդակում», նշվում է X-ում գերատեսչության տարածած գրառման մեջ։ Երկու կողմից նաև համապատասխան մասնագետներ են մասնակցել հանդիպմանը։
«Քննարկվել են տարածաշրջանային ներկա հանգամանքների ժամանակահատվածում Հորմուզի նեղուցով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները, - փոխանցում են Օմանի ԱԳՆ-ից - Հանդիպման ընթացքում երկու կողմի մասնագետները ներկայացրել են մի շարք տեսլականներ և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն»։
«Իրանի սարերի խորքից փրկել ենք լուրջ վիրավորում ստացած և F-15-ի անձնակազմի անդամ, շատ խիզախ զինվորականին» - սոցցանցային հերթական գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և մանրամասներ փոխանցել Իրանում ամերիկյան ռազմական օդանավի օդաչուին հայտնաբերելու գործողության մասին
«Իրանի մեծ թվով զինվորականները շատ էին փնտրում, մոտենում էին։ Նա շատ հարգարժան գնդապետ է։ Նման օդային հարձակումը հազվադեպ է ձեռնարկվում «մարդուն և տեխնիկային սպառնացող վտանգի համար»։ Պարզապես չի լինում։ Երկրորդ հարձակումը առաջինից հետո եղավ, երբ մենք օրը ցերեկով փրկեցինք օդաչուին, տարօրինակ էր նաև յոթ ժամ Իրանում անցկացնելը։ Խիզախության և տաղանդի դրսևորում բոլորի կողմից», - նշել է Թրամփը։
Նախագահը տեղեկացրել է նաև, որ վաղը Օվալաձև աշխատասենյակից մամուլի ասուլիս է անցկացնելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox news-ին ասել, որ կարծում է՝ Իրանի հետ կկարողանան համաձայնության գալ վաղը:
«Կարծում եմ՝ վաղը լավ հնարավորություն կա, նրանք հիմա բանակցություններ են վարում», - ասել է նախագահը։
Եթե Իրանը համաձայնության չգա, ասել է Թրամփը, «դուք կտեսնեք կամուրջներ և էլեկտրակայաններ, որոնք կփլուզվեն նրանց ամբողջ երկրում»։
«Եթե նրանք արագ համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու մասին», - ասել է նա։
Իսրայելցի փրկարարները Հայֆայում բնակելի շենքի փլատակներից երկու մարմին են դուրս բերել այն բանից հետո, երբ կիրակի դրա վրա իրանական հրթիռ է ընկել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Առնվազն 13 մարդ է զոհվել Թեհրանից հարավ-արևելք գտնվող բնակելի տարածքի վրա իրականացված հարձակման հետևանքով՝ հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը։
Իրանի համաձայնությունը ստանալուց հետո մեկ օրում 15 նավ հատել է Հորմուզի նեղուցը, հաղորդում է Fars գործակալությունը:
Թեհրանի նահանգում գիշերն ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ 10 տարին չլրացած չորս աղջիկ և երկու տղա, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բահարեստանի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածից առնվազն 13 մարդ է զոհվել։
Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին. Հայֆա քաղաքում հրթիռը խոցել է բնակելի շենքերից մեկը, տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Հաղորդվում է երկու զոհի, երկու անհետ կորածի մասին: Ըստ իսրայելական իշխանությունների՝ Իրանն արձակել է միայն մեկ, ծանր հրթիռ։
Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները որակել է հստակ ապացույց «պատերազմական հանցագործություն կատարելու մտադրության» մասին:
«Եվս մեկ անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ կերպով սպառնում է ոչնչացնել Իրանում քաղաքացիական գոյատևման համար էական նշանակությամբ ենթակառուցվածքները», - հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությաունն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին հարվածելու հայտարարությանը:
Ներկայացուցչությունը շեշտել է, որ եթե ՄԱԿ-ի խղճի զգացողությունը կենդանի լիներ, չէր լռի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու՝ ԱՄՆ-ի «պատերազմատենչ նախագահի բացահայտ և անամոթ սպառնալիքի ֆոնին»: