Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է: Նրա մահվան մասին լուրը հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները՝ առանց լրացուցիչ մանրամասների:
ԱՄՆ-ն և Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը, հայտնում է Reuters-ը՝ խնդրին ծանոթ աղբյուրին հղումով:
Ամերիկյան Axios-ը գրել էր, որ առաջարկվում է անմիջապես 45 օրով հրադադար հաստատել: Այդ ընթացքում կողմերը կբանակցեն խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկնքվի երկրորդ փուլում: Ընդ որում, հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին հաստատել է՝ ստացել են առաջարկը և քննարկում են այն: Սակայն, Թեհրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանզի կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի, ասել է պաշտոնյան: Նա հավելել է՝ Թեհրանը նաև չի հանդուրժի, եթե փորձեն ճնշում բանեցնել, որպեսզի համաձայնի վերջնաժամկետներին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Կորպուսը նաև հայտնել է, որ իր ռազմածովային ուժերը Պարսից ծոցում են՝ նեղուցում նոր կարգն ապահովելու նախապատրաստական աշխատանքների համար:
Իրանի խորհրդարանի նախագահն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին մեղադրել է «անխոհեմ քայլեր» անելով ԱՄՆ-ին «դժոխքի մեջ ներքաշելու» համար:
«Ողջ տարածաշրջանը կայրվի», քանի դեռ ԱՄՆ նախագահը հետևում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգներին, սոցցանցում զգուշացրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: «Մի՛ սխալվեք. դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով: Միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է»,- հավելել է նա:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, իր հերթին, զգուշացրել է՝ Իրանն արագ հակահարված կտա ԱՄՆ ցանկացած հարձակմանը:
«Մեր զինուժը հստակ հայտարարել է՝ եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր զինուժը կհարվածի նմանատիպ ենթակառուցվածքների, որոնք պատկանում են ԱՄՆ-ին կամ նպաստում Իրանի դեմ նրա ագրեսիային», - ասել է նա։
Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանում, կան զոհեր և վիրավորներ:
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «ողջ տարածաշրջանը գործնականում կրակի մեջ է»։
«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներն են։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է և այժմ մենք արձանագրում ենք այն հետևանքները, որոնք առկա են՝ ներառյալ համաշխարհային տնտեսության համար», - նշել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ Կրեմլի խոսնակը գերադասել է չմեկնաբանել ԱՄՆ նախագահի կողմից Իրանին ուղղված վերջին սպառնալիքները։
ԱՄՆ և Իսրայելի օդային ուժերը այսօր հարվածներ են հասցրել Իրանի խոշորագույն ձեռնարկություններից մեկին՝ Մարվադաշտի նավթաքիմիական գործարանին։
Իրանի պետական հեռուստատեսության պնդմամբ՝ գործարանում ծագած կրակը հնարավոր է եղել արագորեն մարել, լուրջ վնասներ չեն արձանագրվել։
Այսօր կայացել է Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրներին վկայակոչելով։
«Նախարարները քննարկել են Իրանի շուրջ ծավալվող զարգացումները և մի շարք այլ հարցեր», - հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այս պահի դրությամբ բանակցությունների մասին հավելյալ մանրամասները հայտնի չեն։
«Իրանի հետ համաձայնության գալու վերջնաժամկետը շարունակում է մնալ երեքշաբթին», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփը նշել է․ «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։
Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել, և այդ գիշերը կարող է հենց վաղը լինել,- այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կարծում է՝ Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ, եթե հայտարարվի հրադադար։