ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։
«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տասը օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար»,-սոցցանցում գրել է Թրամփը՝ անդրադառնալով մարտի 26-ին իր կողմից տրված վերջնագրին։
«Ժամանակը սպառվում է. 48 ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի նրանց վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իսրայելը պատրաստվում է հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա, բայց սպասում է ԱՄՆ-ի կանաչ լույսին
Այս մասին Reuters-ի փոխանցմամբ այսօր ասել է Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ նման հարձակումները, հավանաբար, կիրականացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։
Այս հայտարարությունը հնչում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին 48-ժամյա վերջնագիր ներկայացնելուց հետո:
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ «ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի ձեզ համար», եթե լարվածությունը շարունակվի, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իսրայելը կշարունակի ուժեղ հարվածներ հասցնել Իրանին, Times of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք նրանց պողպատի արտադրության կարողությունների 70 տոկոսը, որը օգտագործվում է մեր դեմ կիրառվող զենքերի հումք լինելու համար, մենք հարվածել ենք նրանց նավթաքիմիական գործարաններին: Այս երկուսը նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են, որոնք սնուցում են իրենց ահաբեկչական պատերազմը մեր և ամբողջ աշխարհի դեմ», - նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «կշարունակենք հարվածել նրանց, ինչպես ես խոստացել եմ»:
Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին Միացյալ Նահանգները կարողացել է փրկել, հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։
«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների զինուժը իրականացրել է ամերիկյան պատմության ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը», - Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև իր թուրք և պակիստանցի գործընկերների հետ և քննարկել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ուղիները:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Աբդելատին զգուշացրել է Մերձավոր Արևելքում «աննախադեպ պայթյունի» վտանգի մասին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում
Իրանի Ղոդս ուժերի հանգուցյալ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիի զարմուհին և նրա դուստրը զրկվել են ԱՄՆ մշտական բնակության իրավունքից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։
Սուլեյմանին առաջնորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևը 1998-ից մինչև 2020 թվականին ԱՄՆ զինուժի կողմից իր սպանությունը՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։
Ըստ Պետքարտուղարության՝ Համիդե Սուլեյմանի Աֆշարը դստեր հետ ձերբակալվել է ապրիլի 3-ի գիշերը։ Մինչև վերջնական որոշման կայացումը՝ արդյոք նրանք պետք է լքեն ԱՄՆ տարածքը, կանայք կպահվեն ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունում։
Վկայակոչելով սոցիալական մեդիայի հրապարակումներ՝ գերատեսչությունը Սուլեյմանի Աֆշարին բնութագրել է որպես «Իրանի ահաբեկչական և ամբողջատիրական ռեժիմի անթաքույց աջակից»։
Իրանի լրատվական դաշտում, սակայն, շրջանառվել է Քասեմ Սուլեյմանիի դստեր՝ Զեյնաբ Սուլեյմանիի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ում ձերբակալված կանայք որևէ կապ չունեն իր հոր հետ։
«Միացյալ Նահանգներում ձերբակալված անձինք որևէ կապ չունեն նահատակ Սուլեյմանիի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղարության պնդումը կեղծ է», - ասել է Զեյնաբ Սուլեյմանին։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ փորձում են մեկուսացնել նավթաքիմիական գործարաններից մեկում բռնկված հրդեհը՝ Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների տարածքում օդային շարունակական հարվածների ֆոնին։
«Իշխանություններն արձագանքում են «Բորուժ» նավթաքիմիական գործարանի տարածքում մի քանի հրդեհի, որը բռնկվել է ՀՕՊ համակարգի կողմից հաջող խոցումից հետո ընկած բեկորներից», - ասվում է Էմիրությունների լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Աբու Դաբիում գտնվող գործարանում աշխատանքներն «անմիջապես դադարեցվել են, կատարվում է հասցված վնասների գնահատում»։ Աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատասխանում է իրեն հասցվող հրթիռային և դրոնային հարվածներին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի էլեկտրակայանի մոտ տեղի ունեցած հարձակումների հնարավոր հետևանքների մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում նա ընդգծել է, որ նման հարձակումները «ամբողջ տարածաշրջանը ենթարկում են ռադիոակտիվ արտանետման ռիսկի՝ լուրջ մարդասիրական և բնապահպանական հետևանքներով»։
Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժը ամերիկյան երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ է կործանել։
«Մասնագետների կողմից գետնի վրա իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր ուժերի կողմից կործանվել են ԱՄՆ զինուժին պատկանող ռազմական տրանսպորտային երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ», - ասել է Իրանի զինված ուժերի միասնական շտաբի խոսնակը։