Մատչելիության հղումներ

եթերում Ըստ Սպիտակ տան՝ Թրամփն ու Սին համաձայն են՝ Հորմուզը պետք է բաց լինի, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ

Գլխավորը՝ համառոտ

20:22 16.4.2026

«Նախորդ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո Իրանն ու ԱՄՆ-ը այլևս համապարփակ խաղաղության հասնելու հույս չունեն», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներ վկայակոչելով։

Գործակալության զրուցակիցների պնդմամբ՝ այժմ կողմերը աշխատում են հուշագրի մշակման վրա, որ թույլ կտա խուսափել հակամարտության վերսկսումից և որոշակիորեն կկարգավորի իրավիճակը Հորմուզի նեղուցում։

20:22 16.4.2026

«Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանի երկակի նշանակության ենթակառույցներին»,- այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Այս պահին մենք աննախադեպ վերազինման փուլում ենք, նաև շատ ավելի կատարյալ հետախուզական տվյալների ենք տիրապետում»,- հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարը։ Խոսելով Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման մասին՝ Հեգսեթն այն «բավական քաղաքավարի քայլ» է անվանել։

18:00 16.4.2026

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մոտ ապագայում հեռախոսով զրուցել չի պատրաստվում։ Այս մասին Reuters-ին հաղորդել են միանգամից երեք դիվանագիտական աղբյուրներ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, թե շուտով Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև ուղղակի շփումներ կլինեն՝ առաջին անգամ 1992 թվականից ի վեր։

17:35 16.4.2026

Միացյալ Նահանգներն ընդլայնում է Իրանի ծովային շրջափակումը: Պատժամիջոցների տակ գտնվող այն նավերը, որոնք կասկածվում են մաքսանենգ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ, կարող են զննվել, ընդհուպ՝ առգրավվել, հաղորդում է The Wall Street Journal-ը։

«Շրջափակումն իրականացնելուց զատ, իրանական բոլոր նավերը, Օտարերկրյա ակտիվների կառավարման գրասենյակի (OFAC) սամանած պատժամիջոցների տակ գտնվող նավերը և մաքսանենգության մեջ կասկածվող բոլոր նավերը ենթակա են ստուգման՝ իսկության ճշտման համար», - հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Գերատեսչությունից հայտնում են՝ ԱՄՆ ուժերը կարող են այցելել այդ նավեր, գրոհել, զննել և առգրավել դրանք, անկախ գտնվելու վայրից։

Վաշինգտոնի այս քայլը Թեհրանի դեմ ճնշման արշավի հերթական դրսևորումն է։ Այն կարող է նոր ռիսկեր ստեղծել միջազգային բեռնափոխադրումների և էներգետիկ շուկաների համար, որոնք արդեն իսկ խաթարված են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պատճառով։

Բեռնանավ Հորմուզի նեղուցի մերձակայքում, արխիվ
Բեռնանավ Հորմուզի նեղուցի մերձակայքում, արխիվ
15:00 16.4.2026

«Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։

Նրա խոսքով՝ «իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի ռեժիմի պահպանման համար»։ «Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով», - ընդգծել է Աունը:

09:17 16.4.2026

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ-ն պաշտոնապես խնդրել է երկարաձգել հրադադարի մասին երկշաբաթյա համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ին:

Նա Պակիստանի միջնորդությամբ բանակցություններն անվանել է «արդյունավետ և շարունակական»: Ըստ Լևիտի՝ բանակցությունների հաջորդ փուլն ամենայն հավանականությամբ կրկին տեղի կունենա Պակիստանում:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցմանը»:

08:46 16.4.2026

Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:

Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով հարևան Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել Վաշինգտոնում Լիբանանի հետ կայացած բանակցություննեը:

15:33 15.4.2026
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանին ճնշելու բոլոր փորձերը կձախողվեն, և Իրանը երբեք չի հանձնվի: Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ և կողմ է կառուցողական բանակցություններին։ Իրանի նախագահը նույնը ասել էր երեկ և զգուշացրել՝ Թեհրանը կպաշտպանի իր իրավունքները:

«Մենք անկարգությունների չենք ձգտում։ Մենք հասկանում ենք, որ հանուն երկրի բարելավման չպետք է պատերազմենք։ Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ եթե մեզ վրա հարձակվեն, պետք է ամուր կանգնենք և չխոնարհվենք նրանց առաջ., - ասել է Փեզեշքիանը:

15:28 15.4.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, ապրիլ, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, ապրիլ, 2026թ.

ԱՄՆ-ն և Իրանը առաջիկա օրերին կարող են վերսկսել բանակցությունները, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: New York Post-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ այժմ քննարկումներ են ընթանում:

Fox News-ին տված հարցազրույցում էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե պատերազմը կարող է ավարտվել շուտով: «Կարծում եմ՝ ամեն ինչ մոտ է ավարտին», - նշել է նա:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, ընդունել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև մեծ անվստահություն կա, և խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում: Ջեյ Դի Վենսը նշել է, որ Պակիստանի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Սակայն Թրամփը, ըստ փոխնախագահի, ցանկանում է կնքել ոչ թե փոքր, այլ «մեծ գործարք»:

«Նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որով Իրանը չի ունենա միջուկային զենք, չի հովանավորի ահաբեկչությունը, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա զարգանալ, բարգավաճել և միանալ համաշխարհային տնտեսությանը», - հայտարարել է Վենսը:

09:43 15.4.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կա մեծ անվստահություն, որը չի կարող մեկ գիշերում վերանալ։

Ըստ նրա, սակայն, Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել։ Վենսն ասել է, որ «շատ լավ է զգում ներկայիս դիրքի վերաբերյալ»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG