Իրանը սպառնում է արգելափակել առևտուրը Կարմիր ծովով, եթե ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը: Իրանական բանակի հայտարարությունում նաև ասվում է, որ ԱՄՆ այս քայլը հրադադարի խախտում է:
«Մեր զինված ուժերը թույլ չի տա առևտուրը Կարմիր ծովով, եթե ամերիկյան շրջափակումը շարունակվի։ Մենք թույլ չենք տա որևէ արտահանում կամ ներմուծում Պարսից ծոցում և Օմանի ծովում», - հայտարարում է Իրանի բանակը:
Իրանի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանին ճնշելու բոլոր փորձերը կձախողվեն, և Իրանը երբեք չի հանձնվի: Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ և կողմ է կառուցողական բանակցություններին։ Նույնը Իրանի նախագահն ասել էր երեկ և զգուշացրել՝ Թեհրանը կպաշտպանի իր իրավունքները:
«Մենք անկարգությունների չենք ձգտում։ Մենք հասկանում ենք, որ հանուն երկրի բարելավման չպետք է պատերազմենք։ Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ եթե մեզ վրա հարձակվեն, պետք է ամուր կանգնենք և չխոնարհվենք նրանց առաջ», - ասել է Փեզեշքիանը:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումն «իրագործված է ամբողջությամբ», և դադարեցված է ծովով Իրանի առևտուրը, որը կազմում է երկրի առևտրի մոտ 90 տոկոսը:
Associated Press-ը հաղորդում է, որ ամերիկյան զինուժն Օմանի ծոցից հետևում է, թե ինչպես են նավերը դուրս գալիս իրանական նավահանգիստներից, ու երբ անցնում են Հորմուզը, փակում է դրանց ճանապարհն ու ստիպում ետ գնալ:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանը մտադիր է այլ նավահանգիստներ օգտագործել բլոկադան շրջանցելու համար: Իրանական Fars-ն էլ հայտնում է, որ պատժամիջոցների տակ գտնվող իրանական երկու լցանավ է հատել նեղուցը՝ չնայած ամերիկյան շրջափակմանը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը առաջիկա օրերին կարող են վերսկսել բանակցությունները, և այժմ քննարկումներ են ընթանում:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, թե պատերազմը կարող է ավարտվել շուտով, թեև The Washington Post-ը գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք:
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ նամակ է գրել Չինաստանի նախագահին և խնդրել Իրանին զենք չմատակարարել: Ըստ նրա՝ Սի Ծինփինը պատասխանել է նամակին:
«Այո, ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով, որ չանի դա։ Եվ նա պատասխանեց իմ նամակին՝ նշելով, որ, ըստ էության, զենք չի մատակարարում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Financial Times-ը գրել էր, որ Իրանը չինական արբանյակ էր օգտագործել ամերիկյան բազաներին հարվածելու համար:
Թրամփը նաև սոցցանցում գրել է, թե Չինաստանը շատ ուրախ է, որ ԱՄՆ-ն «ընդմիշտ բացում է» Հորմուզի նեղուցը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դա անում է թե՛ Չինաստանի, թե՛ ողջ աշխարհի համար: Սակայն նեղուցով դեռ սահմանափակ թվով նավեր են անցնում:
Պակիստանում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարած ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, ընդունել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև մեծ անվստահություն կա, և խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում: Ջեյ Դի Վենսը նշել է, որ Իսլամաբադի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Սակայն Թրամփը, ըստ փոխնախագահի, ցանկանում է կնքել ոչ թե փոքր, այլ «մեծ գործարք»:
«Նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որով Իրանը չի ունենա միջուկային զենք, չի հովանավորի ահաբեկչությունը, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա զարգանալ, բարգավաճել և միանալ համաշխարհային տնտեսությանը», - հայտարարել է Վենսը:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներ կան, սակայն բանակցությունների կոնկրետ օր դեռ որոշված չէ: Էսմայիլ Բաղային ասել է, որ երկշաբաթյա հրադադարի երկարաձգման մասին հաղորդումները չեն հաստատվում: Ամերիկացի պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ն ասել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի համաձայնել ապրիլի 22-ին լրացող հրադադարի երկարաձգմանը:
Այս ընթացքում Իսրայելը Լիբանանում շարունակել է հարվածները Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին: Շարժումն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել, կան զոհեր և վիրավորներ: Իսրայելական Haaretz թերթը գրում է, որ Իսրայելի բանակը հարավային Լիբանանի գյուղերն ավերում է «ճիշտ այնպես, ինչպես» Գազայում:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը վերջին երեսուն տարում երեկ առաջին ուղիղ բանակցություններն են անցկացրել՝ վերջ դնելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև պատերազմին: Կողմերը դրական են որակել քննարկումները և համաձայնել են շարունակել դրանք:
Սակայն «Հեզբոլա»-ն Իսրայելի հետ բանակցելու Լիբանանի որոշումն «ազգային մեղք» է որակել: «Հեզբոլա»-ի պատգամավոր Հասան Ֆադլալլահն ասել է, որ դա է՛լ ավելի կխորացնի երկրում առկա պառակտումն ու բևեռացումը:
«Մի՞թե կառավարությունը չի գիտակցում իր նախաձեռնության վտանգը։ Եվ արդյոք հասկանո՞ւմ է, որ սխալ ճանապարհ է ընտրել, որը միայն մեծացնում է լիբանանցիների միջև պառակտումը: Այն թշնամուց ոչինչ չի ստացել, բացի գովասանքից՝ առանց որևէ պահանջի հասնելու», - հայտարարել է «Հեզբոլա»-ի պատգամավորը:
Հասան Ֆադլալլահը նաև ասել է, որ կառավարությունը պետք է վերանայի իր հաշվարկները և հրաժարվի այս ուղղությունից։