ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կա մեծ անվստահություն, որը չի կարող մեկ գիշերում վերանալ։
Ըստ նրա, սակայն, Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել։ Վենսն ասել է, որ «շատ լավ է զգում ներկայիս դիրքի վերաբերյալ»։
Իրանի պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները առաջիկա երկու օրերին կարող են վերսկսվել Պակիստանում, նախօրեին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Շաբաթավերջին Իսլամաբադում Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Ղալիբաֆի պատվիրակությունների անարդյունք բանակցություններից հետո Վաշինգտոնը որոշեց շրջափակել իրանական նավահանգիստները։
Հակամարտող կողմերն այժմ երկշաբաթյա հրադադարի փուլում են գտնվում։ Ժամկետի սպառմանը մեկ շաբաթ է մնում։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը սկիզբ էր առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան թիրախավորում էր Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաները։