ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ չեն ներգրավվի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում՝ Հորմուզի նեղուցը շրջափակելու հարցում, ինչը ևս մեկ անգամ սրում է լարվածությունն արդեն իսկ փխրուն դաշինքի ներսում։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը բացասական կազդի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման վրա, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Մասլեննիկովը։
«Տարածաշրջանի երկրների պարենային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնը Հորմուզի նեղուցի արգելափակումն է, որն արդեն խաթարել է սննդամթերքի և հումքի մատակարարման ձևավորված տրանսպորտային և լոգիստիկ շղթաները»,- ասել է նա՝ պնդելով, թե նախնական գնահատականներով՝ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա երեք ամիս և ավելի, տարածաշրջանի երկրները կբախվեն պարենային անվտանգության լուրջ ռիսկերի։
Եվրոպական միության անդամ պետությունները պետք է համակարգեն էներգիայի գները, քանի որ Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր հանածո վառելիքի ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով, հայտարարել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա նշել է, որ դիտարկում են նաև անդամ պետությունների գազի պահեստավորման գործունեության համակարգման հարցը։
Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում կիրակի օրը վերսկսել է իր գործունեությունը։
«Սկզբնական փուլում դեսպանությունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական աշխատակիցներով, ներառյալ դեսպանը։ Դեսպանության աշխատանքի վերսկսումը Իրանում ռազմական գործողությունների դադարից և երկշաբաթյա հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ անց վկայում է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Մեր երկիրը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված նախաձեռնությունների», - նշված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ
Նշվում է, որ դեսպանության գործունեությունը կվերականգնվի փուլային եղանակով՝ հաշվի առնելով անվտանգության և կազմակերպչական հարցերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի պատերազմի մեջ և չի մասնակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։
«Մենք չենք աջակցում շրջափակմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։
«Իմ կարծիքով՝ կենսական է, որ մենք բացենք նեղուցը և այն լիովին բաց լինի, և հենց դրա վրա ենք մենք կենտրոնացրել մեր բոլոր ջանքերը վերջին օրերին, և կշարունակենք դա անել», - ասել է Սթարմերը։
ԱՄՆ-ը ապրիլի 13-ին, ժամը 10:00-ից կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի համար, Truth Social-ում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից «Արաբական ծոցում» և Օմանի ծոցում։
Հրամանատարությունը հավելել է, որ չի խոչընդոտելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի նավարկությանը, եթե դրանք ուղևորվում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ կամ այնտեղից են գալիս։
Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության վերջին զարգացումները, հաղորդում է Կրեմլը:
Մասուդ Փեզեշքիանն իր գնահատականն է տվել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններին, երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ուղղված իրավիճակի ապաէսկալացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռուսաստանի ցուցաբերած մարդասիրական օգնության համար:
Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս նպաստել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, միջնորդական ջանքեր գործադրել ի շահ Մերձավոր Արևելքում արդարացի և տևական խաղաղության հաստատման: Այդ նպատակով Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանում բոլոր գործընկերների հետ, նշված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:
ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդումը, փոխանցում է, որ Փեզեշքիանը Պուտինին վստահեցրել է՝ Թեհրանը կարող է Վաշինգտոնի հետ արդարացի համաձայնություն կնքել, եթե Միացյալ Նահանգները հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Իրանի կարմիր գծերը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է հավասարակշռված և արդարացի համաձայնության հասնելուն, որը կապահովի խաղաղությունը և հաստատուն անվտանգությունը տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ը մնա միջազգային-իրավական շրջանակում, համաձայնության հասնելը միանգամայն հնարավոր է», - իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Մասուդ Փեզեշքիանը:
Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը՝ արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում, մասնավորապես, գրել է․ «Եվ այսպես․ հանդիպումը լավ է ընթացել, կետերից մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը։ Այս պահից սկսած, Միացյալ Նահանգների նավատորմը՝ լավագույնը աշխարհում, կսկսի Հորմուզի նեղուց մտնել կամ այնտեղից դուրս գալ փորձող բոլոր նավերը շրջափակելու գործընթացը»։
Նա նշել է, որ ինչ-որ պահի «կհասնենք «բոլորին թույլատրվում է մուտք գործել, բոլորին թույլատրվում է դուրս գալ» վիճակի, բայց Իրանը թույլ չի տվել, որ սա իրականություն դառնա՝ պարզապես հայտարարելով․ «Այնտեղ, մի տեղ, կարող է ական լինել»»։
Թեհրանի այս գործելակերպը ԱՄՆ նախագահը «աշխարհից շորթում» է որակել։
Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն Հորմուզը ականազերծելու գործողություն է սկսելու։
«Եթե մի իրանցի մեզ կամ խաղաղ նպատակներով այնտեղ գտնվող նավի հարվածի, կհայտնվի դժոխքում», - ասել է նա։
Թրամփի խոսքով՝ շրջափակման գործողությունը քիչ անց կմեկնարկի, այլ երկրներ նույնպես ներգրավվելու են։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Նահանգներին և Իրանին հորդորում է «առաջ շարժվելու միջոց գտնել»։
Դաունինգ Սթրիթի տարածած հաղորդագրության մեջ վարչապետը նաև կոչ է անում պահպանել փխրուն հրադադարը։
«Կենսական կարևորության խնդիր էր, որ հրադադարը շարունակական լիներ և բոլոր կողմերը խուսափեին հետագա էսկալացիայից», - ասել է Սթարմերը Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք ալ Սաիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Երկու առաջնորդները քննարկել են նաև Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված ջանքերը։ Աշխարհի նավթի տարանցման համար կարևոր այս ջրուղին փաստացի շրջափակված է մնում Իրանի կողմից՝ երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ պատերազմի մեկնարկից հետո։ Ճգնաժամը էներգիայի թանկացման պատճառ է դարձել Բրիտանիայում և այլուր։