Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը

Գլխավորը՝ համառոտ

15:11 12.4.2026

Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը, Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո հայտարարել է Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

X-ի գրառման մեջ Ղալիբաֆը հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։

«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմը ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը», - գրել է իրանցի պաշտոնյան, - «Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ»։

14:19 12.4.2026

Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթացը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը և ընդգծել, որ սա «լավություն է աշխարհի շատուշատ երկրների համար»՝ առանձնացնելով Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Գերմանիային։

Ամերիկյան ուժերը «սկսել են պայմաններ ապահովել, որպեսզի նեղուցն ականազերծվի», իր հերթին տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերը։

Հրամանատարությունից հաղորդում են, որ ամերիկյան երկու ռազմանավ այս նպատակով գործողություններ է իրականացնում Հորմուզում։ Առաջիկա օրերին ռազմանավերը կհամալրվեն լրացուցիչ տեխնիկայով, այդ թվում՝ ստորջրյա դրոններով։

The New York Times-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նախօրեին գրել է, որ Իրանն ի վիճակի չէ հայտնաբերել և հեռացնել պատերազմի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում տեղադրած ականները։

Թեհրանից չեն մեկնաբանում արևմտյան մամուլում տարածված տեղեկությունը:

11:33 12.4.2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել է «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։

Սոցցանցում արված գրառման մեջ Բաղային նաև կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ «չափազանց պահանջներից և անօրինական խնդրանքներից» ու ընդունել Իրանի «օրինական իրավունքներն ու շահերը»։

Նրա խոսքով՝ քննարկվող թեմաների թվում են եղել Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը և «Իրանում պատերազմի լիակատար դադարեցումը»։

11:32 12.4.2026

Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

«Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների», - ասել է Ջեյ Դի Վենսը։

«Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները», - նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ «Տեսնենք՝ արդյոք իրանցիները կընդունեն այն», - ասել է նա։

21:00 11.4.2026

Պատերազմի մոտ մեկուկես ամսից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բանակցում են ամերիկացի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպմանը մասնակցում են նաև պակիստանցի պաշտոնյաներ:

Սա վերջին հիսուն տարում ամենաբարձր մակարդակի բանակցությունն է, որ անցկացնում են թշնամական երկու պետությունները: Ընդ որում, ի տարբերություն նախորդ միջնորդավորված հանդիպումների, այս անգամ քննարկումը դեմ առ դեմ ձևաչափով է:

14:47 11.4.2026

Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղությունը հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:

Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:

«Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա և երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է», - հայտարարել է դեսպան Յեխիել Լեյթերը:

14:45 11.4.2026

Պակիստանի արտգործնախարար Իշաք Դարը հույս է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն «կառուցողաբար կմասնակցեն բանակցություններին», ու վերահաստատել է՝ Իսլամաբադը կշարունակի աջակցել կողմերին՝ հակամարտության կայուն և տևական լուծման հասնելու համար։

Պակիստանը ևս համարում է, որ Լիբանանում հրադադարի հարցը պետք է ներառվի բանակցություններում։

14:37 11.4.2026

Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք տարաձայնություններով են գնում բանակցությունների: Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը ևս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ: Ըստ նրա՝ այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն լո՞ւրջ է տրամադրված կայուն խաղաղությանը հասնելուն: Պաշտոնյան նաև ասել է, որ ԱՄՆ համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները:

ԱՄՆ-ն, սակայն, պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ հրաժարվի միջուկային ծրագրից: Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի:

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Բայց միևնույն է՝ մենք կբացենք նեղուցը։ Մի՛ մոռացեք, որ մենք չենք օգտվում այդ նեղուցից, այլ երկրներ են օգտագործում այն», - հայտարարել է Թրամփը:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Թեհրանը բարի մտադրություններ ունի, սակայն չի վստահում ԱՄՆ-ին: «Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ձախողվել է, և տրված խոստումները խախտվել են», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է գործարք կնքել:

Իրանի արտգործնախարարը ևս հայտարարել է՝ Թեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի նկատմամբ զրո վստահությամբ: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աբբաս Արաղչին ասել է, որ ամեն ինչ կանեն «Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար»:


13:58 11.4.2026
Պակիստան - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Իսլամաբադ, 11-ը ապրիլի, 2026թ.
Պակիստան - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Իսլամաբադ, 11-ը ապրիլի, 2026թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, այսօր առավոտյան ժամանել է Իսլամաբադ: Պատվիրակությանը դիմավորել են Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը և արտգործնախարար Իշաք Դարը:

Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների նպատակով Պակիստանի մայրաքաղաք է ժամանել երեկ:

Պակիստան - Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանում են Իսլամաբադ, 10-ը ապրիլի, 2026թ.
Պակիստան - Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանում են Իսլամաբադ, 10-ը ապրիլի, 2026թ.

Սա ԱՄՆ-Իրան ամենաբարձրաստիճան բանակցությունն է 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից և 2015-ին երկու կողմերի միջև առաջին պաշտոնական բանակցություններից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

18:01 10.4.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր հայտարարել է, որ անհամբեր սպասում է Իրանի հետ առաջիկա բանակցություններին և որ ակնկալում է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները դրական կլինեն։

Վենսն այս մասին խոսել է Վաշինգտոնից Պակիստան մեկնելուց առաջ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG