Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

12:23 3.4.2026

Պատերազմի թեժ պահին ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը նախօրեին պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից, հայտնում է Reuters-ը:

Պենտագոնը հաստատել է, որ Ջորջը, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ մեկ տարուց ավելի կար, թոշակի կանցնի:

12:22 3.4.2026

Պատերազմի 35-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Իրանը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչ է խոցել՝ երկրորդը այս պատերազմի ընթացքում: ԱՄՆ-ն չի հաստատել դա: Իրանը շարունակել է նաև հարվածները ծոցի երկրներին, Քուվեյթում նավթավերամշակման գործարանի է հարվածել: Եմենի հութիներն իրենց հերթին հայտարարել են, որ հրթիռներով հարվածել են Իսրայելին:

10:06 3.4.2026

Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ դիվանագիտության համար, Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը։

«Նախագահը մշտապես բաց է դիվանագիտության համար, բայց նաև հստակորեն ասել է, որ իր նպատակներն այնտեղ [Իրանում] կիրագործվեն», - ասել է Փիգոթը։

10:04 3.4.2026

Իրանն արձագանքում է

Քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ անավարտ կամուրջներին հարվածելը, իրանցիներին չի ստիպի հանձնվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կամուրջները և էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքին։

«Յուրաքանչյուր կամուրջ և շենք ավելի ամուր կվերականգնվի»,- ասել է Արաղչին:

08:46 3.4.2026

Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

«Նախարարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում նոր հակամարտության շուրջ զարգացումները, լարվածության թուլացման ուղղությամբ մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ուղիների վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

08:45 3.4.2026

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար. Ուշակով

Հորմուզի նեղուցը բաց է մնում ռուսական կողմի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Հորմուզը բաց է մեզ համար», - ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ուշակովը։

08:44 3.4.2026

ԱՄՆ նախագահը սպառնացել է հարվածել և ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները

Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը «դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն ամենն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդիվ կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները»,- սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նա հավելել է՝ Իրանի ղեկավարությունը «գիտի՝ ինչ պետք է արվի, և դա պետք է շատ արագ արվի»։

21:16 2.4.2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանրամասնելով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։

Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, «մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

18:32 2.4.2026

Ռուսաստանը կխնդրի Միացյալ Նահանգներին և Իսրայելին հրադադար ապահովել՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար։

«Որոշված երթուղիները հաղորդվելու են Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին, և մենք բոլոր միջոցներով կհամաձայնեցնենք, որպեսզի շարասյան շարժման ընթացքում խստորեն պահպանվի հրադադարը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Նա հավելել է, որ վերջին տարհանումն ընդգրկելու է մոտ 200 մարդ և նախատեսված է հաջորդ շաբաթ:

17:43 2.4.2026

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, ինչը խաթարել է այդ կարևոր ջրային ճանապարհով համաշխարհային նավթի և գազի արտահանումները։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ շրջափակման «արմատական պատճառը» «ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական գործողություններն են Իրանի դեմ»։

Մաոյի խոսքով՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունը կարող է ապահովվել միայն հրադադարի և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման միջոցով։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG