Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն վերահաստատում է՝ բաց է Իրանի հետ դիվանագիտության համար․ Պետդեպ

Արխիվ
Արխիվ

Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ դիվանագիտության համար, Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը։

«Նախագահը մշտապես բաց է դիվանագիտության համար, բայց նաև հստակորեն ասել է, որ իր նպատակներն այնտեղ [Իրանում] կիրագործվեն», - ասել է Փիգոթը։

Al Jazeera-ի հետ զրույցում Պետքարտուղարության պաշտոնյան ասել է, որ Թրամփը մինչև պատերազմը փորձել է բանակցել Իրանի հետ, սակայն մեղադրել է Իրանին՝ միջուկային զենք ստեղծելու շարունակական փորձերի համար։

Իրանը մշտապես հերքել է միջուկային զենք ստեղծելու մասին Արևմուտքի պնդումները բայցև շեշտել ուրան հարստացնելու իր իրավունքը։

Պետդեպարտամենտի պաշտոնյայի հայտարարությունը հնչում է նախագահ Թրամփի՝ Իրանին ուղղված սպառնալիքից հետո: ԱՄՆ նախագահը նախօրեին սպառնացել է հարվածել և ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները։

Ապրիլի 1-ին էլ ամերիկացիներին հղած ուղերձում Թրամփը պնդել էր, որ ԱՄՆ-ն ըստ էության ջախջախել է Իրանին. ոչնչացրել է ռազմածովային նավատորմը և ռազմաօդային ուժերը, լրջորեն վնասել հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչի շնորհիվ, ըստ նախագահի՝ Իրանն այլևս սպառնալիք չէ։

Թրամփը, սակայն, չէր մանրամասնել՝ ինչպե՞ս է ավարտվելու հակամարտությունը և արդյոք կվերաբացվի՞ նավթի և գազի տարանցումների կարևորագույն ուղի համարվող Հորմուզի նեղուցը։

Պաշտոնական Թեհրանից ԱԳՆ խոսնակն էր անդրադարձել Թրամփի հայտարարությանը՝ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ սպառնալիքները և կշարունակի հակահարված տալ այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածները:





Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG