Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի

Գլխավորը՝ համառոտ

12:27 31.3.2026

Human Rights Watch (HRW) կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ Իրանի զինված ուժերը ակտիվացնում են իրենց շարքեր երեխաներին հավաքագրելու ջանքերը՝ շարունակվող հակամարտության պայմաններում։

HRW-ի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ակտիվորեն հավաքագրում է 12 տարեկանից փոքր երեխաների՝ նրանց «հայրենիքը պաշտպանող մարտիկներ» անվանելով գովազդող արշավի շրջանակներում։

10:11 31.3.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի, եթե Իրանը փորձի հայտարարել ինքնիշխանություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, և նախազգուշացրել, որ ջրային ուղին կմնա բաց՝ անկախ Իրանի գործողություններից։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հավակնությունը ոչ միայն մեզ համար է անընդունելի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Սա ստեղծում է վտանգավոր նախադեպ… պետությունները կարող են սկսել վերահսկողություն հաստատել միջազգային ջրային ուղիների նկատմամբ և հայտարարել դրանք իրենց: Հորմուզի նեղուցը բաց կմնա… այն բաց կլինի այս կամ այն կերպ», - Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ հակառակ դեպքում Իրանը «կբախվի իրական հետևանքների» ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։

09:52 31.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։

09:05 31.3.2026

Իսրայելի զինված ուժերը երեքշաբթի օրը հայտարարել են, որ չորս զինծառայող է զոհվել, իսկ երկուսը՝ վիրավորվել Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտերի ժամանակ։

08:39 31.3.2026

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը հաստատել է մի ծրագիր, որը մանրամասնում է, թե ինչպես է Թեհրանը կառավարելու Հորմուզի նեղուցը:

Փաստաթուղթը ներառում է առաջարկվող գործողությունների մի շարք՝ նավերի համար անցման վճարներից մինչև Իսրայելին և ԱՄՆ-ին պատկանող նավերի լիակատար արգելք: Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին մասնակցող երկրների նավերը պետք է սահմանափակվեն:

Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ այս կերպ Իրանը իրեն համարում է իր «ինքնիշխան իրավունքի» իրացնող և նաև նախատեսում է համագործակցություն Օմանի հետ՝ «նեղուցի իրավական ռեժիմը» հաստատելու համար:

Վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալլադին Բորուջերդին առաջ է քաշել Հորմուզով անցնող որոշ նավերի համար 2 միլիոն դոլար վճար սահմանելու գաղափարը:

08:38 31.3.2026

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դիտարկել արաբական երկրներին դիմելու հնարավորությունը՝ Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորմանը աջակցելու համար։

«Ես չեմ ցանկանում առաջ ընկնել նրանից, բայց սա հաստատ մի գաղափար է, որը նա ունի, և կարծում եմ՝ շուտով դուք այդ մասին ավելի շատ կլսեք նրանից», - ասել է Քերոյան Լևիթը Սպիտակ տանը անցկացված ճեպազրույցում։

Լևիթը նաև կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում, ինչը Իրանը հերքել է։

«Չնայած այն ամենին, ինչ դուք լսում եք ռեժիմի հրապարակային հայտարարություններից և կեղծ հաղորդումներից, բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում։ Հանրային ասվածը, իհարկե, շատ տարբեր է այն բանից, ինչ մեզ փոխանցվում է փակ ձևաչափով», - ասել է Լևիթը։

22:54 30.3.2026

Մինչ Իրանը հարձակման է ենթարկվում, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ իրանական հրթիռներն ուղղվում են դեպի իրենց սահմաններ:

Բանակը հայտնել է, որ պաշտպանական համակարգերն աշխատում են հրթիռները որսալու ուղղությամբ:

22:53 30.3.2026

Թեհրանում այս պահին հրթիռակոծություներ են, հաղորդում է BBC-ն:

Նշվում է նաև հարևան Քարաջ քաղաքում հրթիռների ընկնելու մասին:

22:13 30.3.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է «իսրայելական հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների, ենթակառուցվածքների և համալսարանների վրա»: «Իսրայելը և նրա հանցակիցը կարծում են, որ գիտելիքը կարելի է ոչնչացնել ռմբակոծություններով», -գրել է Արաղչին X-ում:

22:12 30.3.2026

Հայաստանի ամերիկյան համալսարանը վաղվանից՝ մարտի 31-ից, վերականգնում է դասերն առկա ձևաչափով:

Համալսարանն այսօր դասերն առցանց ձևաչափով էր անցկացրել՝ Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին:

Ուսումնական հաստատությունը նշել է, որ Հայաստանի կրթության սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, որ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG