Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի

Գլխավորը՝ համառոտ

22:11 30.3.2026

«Մեծ յոթնյակի» տնտեսության և ֆինանսների նախարարներն այսօր հայտարարել են, որ պատրաստ են ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը։

Նախարարները հավաքվել էին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքները։

20:00 30.3.2026

Դուբայը հաստատել է 272.26 միլիոն դոլար տնտեսական աջակցությունը բիզնեսին, որը կիրականացվի ապրիլի 1-ից և կտևի երեքից վեց ամիս։ Այս մասին X հարթակում հայտարարել է Դուբայի թագաժառանգը։

Աջակցության նպատակն է բարձրացնել Էմիրության տնտեսության ճկունությունը, օգնել բիզնեսներին հաղթահարել ներկայիս տնտեսական պայմանները։

19:12 30.3.2026

Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ն:

Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ- Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։

19:12 30.3.2026

Գերմանիայի կանցլերն այսօր հայտարարել է, որ Իրանի պատերազմի տնտեսական հետևանքները կարող են Covid-ի պես լինել։

«Այս պատերազմը ազդում է բոլորիս վրա։ Այն մտել է մեր առօրյա։ Եթե այս պատերազմը վերածվի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության, այն կարող է դառնալ ավելի ծանր բեռ Գերմանիայի և Եվրոպայի համար, այնպիսին ինչպիսին զգացինք Covid համաճարակի ժամանակ կամ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է Ֆրիդրիխ Մերցը:

Նա հավելել է, որ պետք է գտնել եղանակներ, և որ հարցը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով։

17:24 30.3.2026

Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը։

«Ոչ ոք չի կարող դադարեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Միջերկրական ծովում, Ձեզնից բացի։ Խնդրում եմ, պարոն նախագահ, խնդրում եմ։ Խնդրում եմ օգնեք մեզ կանգնեցնել պատերազմը։ Դուք կարող եք դա անել»,- հայտարարել է Սիսին Կահիրեում անցկացված Եգիպտոսի էներգետիկ ցուցահանդես 2026 կոնֆերանսում։

Սիսիի խոսքով՝ պատերազմը կհանգեցնի մատակարարման պակասի և գների բարձրացման կրկնակի ցնցումների, որոնց ամբողջ ծավալը դեռևս չի զգացվել։

17:18 30.3.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունն ընթանում է սպասվածից արագ և կտևի մի քանի շաբաթ։

«Մենք ընթանում ենք ծրագրի համաձայն և, անկեղծ ասած, որոշ ուղղություններով նույնիսկ առաջ ենք։ Մենք կհասենք մեր նպատակներին մի քանի շաբաթում, ոչ թե ամիսների ընթացքում»,- ասել է Ռուբիոն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

16:22 30.3.2026

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթի արտահանման կենտրոն Խարգ կղզին, նավթային հորերն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը շուտով համաձայնություն չկնքի պատերազմի ավարտի վերաբերյալ։

Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում «լուրջ բանակցություններ» է վարում «ավելի խելամիտ վարչակարգի» հետ։

14:58 30.3.2026

Իրանը միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնք վկայում են Միացյալ Նահանգների՝ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն ԱՄՆ առաջարկներն «անիրատեսական, անտրամաբանական և չափազանցված» են։ Այսօր այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղեին։

Երեկ հայտնի դարձավ, որ Իսլամաբադում հանդիպել են Պակիստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները։ Նախնական քննարկումները հիմնականում կենտրոնացած էին նավագնացության համար Հորմուզի նեղուցը վերաբացելու առաջարկների վրա։

«Մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք ռազմական ագրեսիայի տակ ենք։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերն ու ուժերը կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա»,- ասել է Բաղեին։

14:38 30.3.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր բլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց է գրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ էլ Արաղչին երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանին՝ «նրանց մարդասիրական օգնության, ինչպես նաև այլ երկրներից օգնություն հասցնելու համար ստեղծված պայմանների համար»։

12:06 30.3.2026

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց՝ անվտանգության նկատառումնեից ելնելով։ Բուհը նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կողմից Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հասցեին հնչեցված սպառնալիքները։

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», - ասված է բուհի հայտարարությունում։

Ավելի վաղ Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Fars գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը մինչև մարտի 30-ը չդատապարտի այդ հարձակումները, ապա տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանները կարող են դառնալ պատասխան գործողությունների թիրախ։


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG