ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը դատապարտել է Իրանի հարձակումները Պարսից ծոցի պետությունների և տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Բանաձևը, որին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել, պահանջում է դադարեցնել «Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումները»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն հարձակվել, մինչև գործն ավարտին հասցվի:
«Երբեք վաղաժամ չէիք հայտարարի, թե հաղթել եք: Մենք հաղթել ենք», - վստահեցրել է Թրամփը Կենտուկի նահանգում հանրային հանդիպման ժամանակ՝ հավելելով. - «Առաջին իսկ ժամին դա ավարտված էր»:
Այդուհանդերձ, Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները հասկացրել են, որ հարձակումների դադար չի լինելու:
«Մենք չենք ցանկանում շուտ հեռանալ, չէ՞: Մենք պետք է ավարտենք գործը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 պետությունները համաձայնել են իրենց պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ֆոնին վառելիքի կտրուկ գնաճը զսպելու համար։
Սա նավթի ամենախոշոր բացթողումն է 50 տարուց ավելի գործող կազմակերպության պատմության մեջ։
Ըստ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի՝ պահուստներից ամենամեծ բաժինը կտրամադրեն ԱՄՆ-ն և Ճապոնիան։
Այս հայտարարության ֆոնին միջազգային շուկաներում նավթի գինը սկսել է կայունանալ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, պնդելով, որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։
Ամերիկյան Axios լրատվական կայքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ պատերազմը «հիանալի է ընթանում», և ամերիկյան ուժերը ավելի շատ վնաս են պատճառել, քան ի սկզբանե ակնկալվում էր։
«Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք անցել։ Մենք ավելի շատ վնաս ենք հասցրել, քան հնարավոր էինք համարում նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում», - պնդել է Միացյալ Նահանգների նախագահը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, մինչդեռ, այսօր պնդել է, թե պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման» և «այնքան, որքան անհրաժեշտ է», քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին։
Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի մեկ բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին նաև սպառնացել է համարժեք պատասխանով՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ համագործակցող բանկերի վրա։
Վերջին օրերի ինտենսիվ հարվածների ֆոնին՝ Ռուսաստանի Ատոմային էներգիայի պետական կորպորացիան գիշերը Բուշերի ատոմակայանի ևս 150 աշխատակցի է տարհանել երկրից: Նրանք Հայաստանով վերադառնում են Ռուսաստան: «Ռոսատոմ»-ը հայտնել է, որ մոտ 450 աշխատակից դեռ աշխատում է Իրանի միակ գործող ատոմակայանում:
Ճապոնիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով շարունակվող գնաճը կանգնեցնելու համար։ Ըստ պաշտոնական Բեռլինի Միջազգային էներգետիկ գործակալությունը, որ ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, խնդրել է անդամ պետություններին 400 միլիոն բարել նավթ տրամադրել։
Նավթի գինը միջազգային շուկայում բարձրանում է, մինչ Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են պատերազմը Իրանի դեմ, Թեհրանն էլ շարունակում է փաստացի փակ պահել էներգակիրների տարանցման համար առանցքային նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
Աշխարհի երկրները ստիպված են արտակարգ քայլեր ձեռնարկել։ Բանգլադեշը նավթի պահեստները պաշտպանելու համար բանակն է գործի դրել, Հնդկաստանը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել բնական և խոհանոցային գազի նկատմամբ, իսկ Ֆրանսիայում ստուգումներ են սկսել բենզալցակայաններում և տուգանել գները բարձրացնողներին։
Դոնալդ Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու, հայտարարել է Սպիտակ տունը։
Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են, և Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմը պետք է դադարեցվի, նախքան ամբողջ տարածաշրջանը «կրակի մեջ կհայտնվի»։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռեջեփ Էրդողանը նշել է՝դա հնարավոր կլինի, եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, հավելելով՝ Թուրքիան այդ հարցով համագործակցում է բոլոր կողմերի հետ։
«Եթե այս պատերազմը շարունակվի, կաճի ոչ միայն զոհերի ու ավերածությունների թիվը, այլև համաշխարհային տնտեսության կորուստները», - ասել է Էրդողանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահին, երախտագիտություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։
Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների արագ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։