Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ժամանել է Կիպրոս՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Մակրոնը Պաֆոս է հասել, հանդիպել նախագահի՝ Նիկոս Քրիտոդուլիդիսի և վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ։
Ֆրանսիան Միջերկրական ծով էր տեղափոխել ռազմական նավեր, այդ թվում՝ «Charles de Gaulle» ավիակիր նավը, ֆրիգատ և հակաօդային պաշտպանական միավորներ, որպեսզի ամրապնդի պաշտպանությունը այդ տարածաշրջանում և ցույց տա իր աջակցությունը Կիպրոսին։
Լիբանանի խորհրդարանը որոշել է երկու տարով հետաձգել այս տարվա մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահը՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է պատերազմով, որը ծավալվել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման և Իսրայելի միջև։
Իրանը մեղադրել է եվրոպական երկրներին ԱՄՆ-ի և Իսրայելի համար պայմաններ ստեղծելու համար, որոնք հանգեցրել են Իսլամական Հանրապետության վրա հարձակմանը։
«Եվրոպական երկրները, ցավոք, օգնել են ստեղծել այդ պայմանները։ Իրավունքի գերակայության վրա պնդումներ անելու, Միացյալ Նահանգների ճնշումներին ու գերազանցումներին դիմակայելու փոխարեն նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համաձայնեցին նրանց հետ՝ պատժամիջոցների վերականգնման հարցի քննարկման ժամանակ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Իրաքը ՖԻՖԱ-ին խնդրել է հետաձգել Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումը Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։
Իրաքի ազգային հավաքականը դիմել է ֆուտբոլի ղեկավար մարմնին` խնդրելով այլընտրանքային լուծում գտնել այս ամսվա վերջում նախատեսված Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղի համար: Իրաքը մարտի 31-ին Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում պետք է խաղա Սուրինամ-Բոլիվիա դիմակայության հաղթողի հետ՝ փորձելով ապահովել մասնակցությունն իր առաջին Աշխարհի առաջնությանը1986 թվականից հետո։
Սակայն Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը խառնաշփոթ է առաջացրել թիմի նախապատրաստական աշխատանքներում։
Միացյալ Նահանգները դեռևս չի դիմել լուրջ գործողությունների՝ Իրանի դեմ ռազմական արշավում իր նպատակներին հասնելու համար, CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք անգամ ամբողջովին չենք սկսել արշավը, որն ավելի տեսանելի ցույց կտա՝ ինչպես ենք իրականացնելու մեր նպատակները», - ասել է Հեգսեթը՝ հավելելով՝ «այժմ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»։
Պենտագոնի ղեկավարի պնդմամբ՝ ամերիկյան հնարավորությունները «շատ ավելի մեծ են, քան Իրանինը»։
Արդեն 10-րդ օրն ընթացող պատերազմի հետևանքով Հորմուզի ծոցը շարունակում է փակ մնալ, ինչի հետևանքով նավթի գինը անցել է 115 դոլարը:
Իսրայելը շարունակել է հարվածները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի օբյեկտներին մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ երկրի հարավում թիրախավորել է իսրայելական զորքը:
Իրանն այսօր շարունակել է հարվածները Ծոցի երկրներին: Քուվեյթում թիրախավորել են միջազգային օդանավակայանը, երկու սահմանապահ է սպանվել:
Բահրեյնում էլ հարվածել են երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանին՝ BAPCO-ին: Բահրեյնում առնվազն 32 վիրավոր կա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը չի կարող երկար շարունակել պատերազմը և ժամանակի ընթացքում կհասկանա դա: Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ-ն, մինչդեռ, պատրաստ է այնքան շարունակել պատերազմը, որքան անհրաժեշտ է հաջողության համար:
«Ոմանք սխալվում են՝ մտածելով, թե մեր կամքը, մեր հնարավորությունները կամ մեր զինամթերքը կարող են սահմանափակ լինել։ Նրանք սխալվում են։ Իրանցիները սխալվում են և սխալ հաշվարկ են անում ԱՄՆ կամքի, զինամթերքի վերաբերյալ։ Մենք դեռ նոր ենք սկսել պատերազմը», - ասել է նա:
Իրանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին: Մոջթաբա Խամենեին խորհրդավոր ֆիգուր է. նա հազվադեպ է հայտնվել հանրության մեջ, և շատ իրանցիներ նրան երբեք չեն տեսել հրապարակային ելույթ ունենալիս:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այդուհանդերձ, նա ազդեցություն ունի գերագույն առաջնորդի ինստիտուտին և ուժային կառույցներին մոտ շրջանակներում։
Լուսանկարներում իրանցիները տեղեկանում են նրա ընտրության մասին.