Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում՝ Իրանի հետ պատերազմի պայմաններում թուրք բնակչության անվտանգությունը բարձրացնելու համար, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կձեռնարկի լրացուցիչ միջոցներ։
Այսօր առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Որոշումը կայացվել էր մարտի 5-ին՝ Նախիջևանին հարվածից հետո:
Բահրեյնի «Բապկո» նավթավերամշակման գործարանից ծուխ է բարձրանում, Իրանի հարվածներից հետո Reuters-ին փոխանցել են ականատեսները:
Բահրեյնի կառավարությունն ավելի վաղ հայտնել է Սիտրա շրջանում իրանական անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների և ավերածությունների մասին:
Սա Բահրեյնի գլխավոր նավթավերամշակման գործարանն է և երկրի էներգետիկ ոլորտի առանցքային օբյեկտը:
Օմանի Մասկատի միջազգային օդանավակայանը խնդրել է մասնավոր ինքնաթիռների օպերատորներին զերծ մնալ օդանավակայանը «լրացուցիչ չվերթների» համար օգտագործելուց՝ առաջնահերթությունը տալով կառավարական և առևտրային չվերթներին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով էլեկտրոնային նամակի։
«Մասկատի միջազգային օդանավակայանում ճգնաժամային կառավարման ներկայիս միջոցառումների պատճառով ինքնաթիռների տեղաշարժը սահմանափակվում է միայն հաստատված սեզոնային կանոնավոր չվերթներով», - օդանավակայանի իշխանությունները տեղեկացրել են չարթերային չվերթների օպերատորներին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի ղեկավարի Իլհամ Ալիևի հետ զրույցում վերստին նշել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը որևէ կապ չունի Իրանի հետ:
Փեզեշքիանը վստահեցրել է՝ միջադեպը կհետաքննվի։ Ալիևը շեշտել է Նախիջևանում տեղի ունեցածի հետաքննության կարևորությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտը կիրակի օրը հայտնել է, որ անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով հրամայել է ամերիկացի դիվանագետներից շատերին և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։
Միացյալ Նահանգները սկսել է Պարսից ծոցի արաբական երկրներից ոչ հիմնական աշխատակիցների դուրսբերումը անցյալ երկուշաբթի՝ պատերազմի սկսվելուց երեք օր անց։ Երեքշաբթի օրը Ռիադում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է կամավոր մեկնումները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «միասնական» և կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։
Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, հաղորդել են պետական ԶԼՄ-ները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին ասել է, որ Մոջթաբա Խամենեին ի վիճակի է ղեկավարել երկիրը ներկայիս դժվարին պայմաններում՝ կոչ անելով միասնության նոր առաջնորդի շուրջ։
ԱՄՆ-Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 1332 քաղաքացիական անձ, և վիրավորվել են հազարավոր մարդիկ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ սկսել է հարձակումների ալիք կենտրոնական Իրանում: