Թուրքիան մշակել է ծրագրեր՝ հարևան Իրանից պատերազմի պատճառով հնարավոր փախստականների հոսքը կառավարելու համար։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին՝ նշելով, որ պատրաստությունները ներառում են սահմանային բուֆերային գոտիների ստեղծում և վրանային ճամբարներ։
Չիֆթչին հավելել է, որ ներկայում Իրանի և Թուրքիայի միջև գտնվող երեք սահմանային անցակետերում անսովոր տեղաշարժ չի գրանցվում։
Նախարարը նաև հայտնել է, որ նախնական պատրաստության համաձայն՝ հրատապ հոսքի դեպքում Թուրքիան մինչև 90,000 մարդու ընդունելու հնարավորություն ունի, ներառյալ վրանային ճամբարներ և ժամանակավոր կացարաններ։
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտի 1-3-ը Թուրքիա է մուտք գործել 5,010 մարդ, իսկ երկրից դուրս է եկել 5,495 մարդ։
Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդական առաքելությամբ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Վանգ Յին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում։
ԱՄՆ բանակը հայտարարել է, որ սպանել է իրանցի պաշտոնյայի, որի ղեկավարած ստորաբաժանումը, ըստ մեղադրանքի, ներգրավված է եղել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սադրանքի ծրագրում։
Պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը չի նշել այդ անձի անունը, բայց հայտնել է, որ գործողությունը տեղի է ունեցել երեկ։
2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք էր առաջադրել մի իրանցի տղամարդու նկատմամբ՝ այդ ժամանակ նախագահի թեկնածուի կարգավիճակ ունեցող Թրամփի սպանության բացահայտված պլանի գործով:
Պաշտոնական Թեհրանը հերքել էր Միացյալ Նահանգների նախագահի մահափորձի նախապատրաստմանն իր ներգրավվածությունը:
Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է երեխաների վրա ազդի, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովն է այս հայտարարությունն արել՝ մատնանշելով Իրանում դպրոցի ուղղությամբ ավիահարվածը։
Իրանն Իսրայելին և Միացյալ Նահանգներին է մեղադրել Մինաբ քաղաքի դպրոցի վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման համար։ Զոհերի թիվն անցել է 150-ը։
«Հանձնաժողովը մտահոգված է քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարվածների մասին հաղորդումներով, որոնք վնասել երեխաներին, խլել բազմաթիվ երիտասարդ կյանքեր։ Սա հիշեցում է, որ զինված հակամարտություններում երեխաներն ամենախոցելի խմբերից են, սա չպետք է երբեք դիտարկվի որպես պատահական կորուստ», - ասված է հայտարարությունում։
Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ ԱՄՆ–իսրայելական հարձակումները Իրանի վրա խաթարում են միջազգային իրավունքը՝ ընդգծելով՝ որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու։
«Եթե պետություններին տրվի այդ նախազգուշական պատերազմի իրավունքն… ամբողջ աշխարհը վտանգի տակ կհայտնվի», - Vatican News-ին տված հարցազրույցում ասել է Վատիկանի պետնախարար կարդինալ Պիետրո Պարոլինը։
Հաճախ Վատիկանի դիվանագետները բացահայտ չեն քննադատում կոնկրետ ռազմական արշավները։
«Ուժի իշխանությունը փոխարինել է իրավունքի ուժը»,- ասել է կարդինալը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով և Իրաքով և ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Այդուհանդերձ միևնույն ժամանակ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։
Կատարում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել «հենց հիմա լքել» երկիրը։
«Մարտի 3-ին Պետդեպարտամենտը կարգադրել է ԱՄՆ կառավարության ոչ արտակարգ իրավիճակների հետ առնչվող աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Կատարը՝ զինված հակամարտության սպառնալիքի պատճառով։ Եթե դա անվտանգ է, ամերիկացիները պետք է հիմա լքեն Կատարը», - ասվում է X-ում դեսպանատան գրառման մեջ։
«Կատարի օդային տարածքը և ծովային ճանապարհները մնում են փակ։ Սաուդյան Արաբիայի հետ Սալվա ցամաքային սահմանային անցակետը ներկայումս բաց է», - ասվում է հաղորդագրությունում։
Իսրայելի բանակը պնդում է, որ Իրանը դեռ հրթիռային «զգալի» զինանոց ունի նույնիսկ այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հրթիռների արձակման իրանական տասնյակ կայաններ ոչնչացրեց:
«Մենք ոչնչացրել ենք տասնյակ հրթիռային կայաններ, որոնք լուրջ սպառնալիք էին իսրայելական ճակատի համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։
«Մենք կշարունակենք հարվածել հրթիռների արձակման կայաններին և նվազեցնել նրանց կրակային կարողությունները, բայց ռեժիմը դեռ զգալի կարողություններ ունի, և ես կցանկանայի հիշեցնել ձեզ, որ մեր պաշտպանությունը անխոցելի չէ»,- ասել է նա։
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին նվիրված եռօրյա արարողությունը, որը նախատեսված էր սկսել երեկոյան, հետաձգվել է։
Իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ հետաձգման պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այդ թվում՝ տարբեր նահանգների բնակիչների կողմից արարողությանը մասնակցելու խնդրանքները։