Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի Բուշեհր միջուկային կայանը վտանգի տակ է։
Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ռմբակոծությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ՄԱԿ-ի միջուկային հսկողության մարմնի համար՝ գնահատելու իրավիճակը։
Մոսկվան հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) օբյեկտիվ գնահատական կտա ամերիկաիսրայելական հարվածներից առաջացած միջուկային ռիսկերի վերաբերյալ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը, որը նախատեսված էր այսօր երեկոյան Թեհրանում, հետաձգվել է։
Պետական հեռուստատեսությունը հաղոդրում է, որ հետաձգման պատճառը «նախատեսվող աննախադեպ մասնակցությունն» է՝ հավելելով, որ նոր ամսաթվի մասին ավելի ուշ կհաղորդվի։
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի (ուղեկիցներով՝ 87 անձ) ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ, հաղորդում է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:
Middle East Airlines ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը որոշել է հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։
Թռիչքը կատարող օդանավն արդեն վայրէջք է կատարել Երևանում:
Միջազգային Ատոմային Էներգիայի Գործակալությունն այսօր հայտնել է, որ Իրանում միջուկային նյութ պարունակող օբյեկտները չեն վնասվել և այս պահին ռադիոլոգիական վտանգ չկա։ Այս պնդումն արվել է՝ վերջին արբանյակային պատկերներին հղում անելով։
Հայ-իրանական սահմանը իրանական կողից՝ Նորդուզի անցակետից փակ է։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, թե խնդիրն իրանական կողմում է, տեխնիկական խափանում կա։
Գիշերվանից ցամաքային սահմանը փակ է քաղաքացիների համար, բեռնատարները, սակայն անցնում են։
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չկան։
«Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։ Օրական միջինը սպասարկվում է.400-450 բեռնատար, հաղորդում են ՊԵԿ-ից:
Սիրիայի ցամաքային և ծովային նավահանգիստների վարչությունը հայտարարել է, որ փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը ելքերի համար։ Ավելի վաղ Իսրայելից նախազգուշացում են ստացել, ըստ որի՝ իսրայելական ուժերը կարող են թիրախավորել այդ անցակետը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այսօր երեկոյան կսկսվի սպանված գերագույն առաջնորդի հոգեհանգստի արարողությունը, որը երեք օր կտևի: Ալի Խամանեիին փոխարինողի մի քանի հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ որդու՝ Մոջթաբա Խամենեիի անունը:
Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ ով էլ փոխարինի Խամենեիին և շարունակի նույն քաղաքականությունը, «անվիճելի թիրախ» կդառնա իրենց համար: «Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- սոցցանցում գրել է Իսրայել Կացը:
Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա սուզանավի հարձակման հետևանքով առնվազն 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը՝ վիրավորվել։ Լուրը հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերի և պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին»՝ հարձակվելով Իրանի վրա բանակցությունների ընթացքում:
«Երբ բարդ միջուկային բանակցություններին վերաբերվում են որպես անշարժ գույքի գործարքի, և երբ մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող արդարացվել: Արդյունքը՞։ Չարությունից դրդված ռմբակոծել բանակցությունների սեղանը», - սոցցանցում գրել է Աբբաս Արաղչին:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին։ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ ինքնաթիռներին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հարվածներ իրականացնելու համար։
«Իսպանիայի կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել 2 բառով՝ ոչ պատերազմին», - հեռուստատեսությամբ հայտարարել է նա:
Թրամփը նախօրեին սպառնացել էր դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրը։
«Մենք չենք դառնա այնպիսի գործողությունների մասնակից, որոնք վնասակար են աշխարհի համար և հակասում են մեր արժեքներին ու շահերին», - ասել է Իսպանիայի վարչապետն՝ ընդգծելով՝ վախից դրդված քայլերի չեն դիմի։