Մատչելիության հղումներ

եթերում Պատերազմը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը

Գլխավորը՝ համառոտ

12:54 1.3.2026

Ցուցարարները փորձել են ներխուժել Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենք Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո: Դրանց հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Պակիստանի ոստիկանությունը, որ արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին, հաղորդել է, որ կա առնվազն 9 զոհ:

Reuters-ի թղթակիցը լսել է կրակոցների ձայներ, իսկ դեպքի վայրից տեսագրություններում երևում է, թե ինչպես են հյուպատոսության գլխավոր դարպասների մոտ մեքենաներ այրվում:

Իրանամետ ցուցարարները հավաքվել են նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Կանաչ գոտուց դուրս, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը:

12:53 1.3.2026

Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում:

Կառավարությունից հայտնում են, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը զեկուցել է տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը:

12:44 1.3.2026

Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ, հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Ժամեր շարունակ հերքումներից հետո Իրանը հաստատեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը, դատական իշխանության ղեկավարը և պահապանների խորհրդի բարձրաստիճան հոգևորականը ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները, մինչև փորձագետների ժողով անունով հայտնի մարմինը ընտրի նրա իրավահաջորդին:

Խամենեիի իրավահաջորդը պետք է ընտրվի նույն այդ մարմնի կողմից, որն ընտրել է իրեն:

11:21 1.3.2026

Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերի շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին սպանվել է Իրանի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով:

Սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը:

10:38 1.3.2026

Իսրայելը հայտարարել է, որ կիրակի օրը հարվածների հերթական ալիքն է հասցրել Իրանին: Զինված ուժերի հաղորդմամբ՝ հարվածել են իրանական բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերին:

Իրանի զինված ուժերը շուտով կրկին պատասխան հարված կհասցնեն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների դեմ ամենամեծ հարձակումն իրականացնելով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսը:

Կիրակի վաղ առավոտյան Իսրայելի ողջ տարածքում բազմիցս հնչել են օդային տագնապի ազդանշաններ, իսկ Թել Ավիվում լսվել են մի շարք պայթյուններ:

Թել Ավիվ, Իսրայել
Թել Ավիվ, Իսրայել
Թել Ավիվ, Իսրայել
Թել Ավիվ, Իսրայել

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

09:33 1.3.2026

Ակտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասին

86-ամյա Խամենեին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էր 1989 թվականից։

Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են նրան, հիշում են որպես բարձրահասակ և բարեկազմ հոգևորական, ով սիրում էր պոեզիա և գրականություն:

Տասնամյակներ շարունակ նա լուծել է Իրանում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած, թե արդյոք կանայք կարող են հեծանիվ վարել հասարակական վայրերում, մինչև երկրի հարաբերությունների զարգացումը Միացյալ Նահանգների հետ:

Երբ Խոմեյնին մահացավ 1989 թվականին՝ առանց ակնհայտ հավանական ժառանգորդի, փորձագետների ասամբլեան՝ կրոնական մարմինը, ընտրեց Խամենեիին որպես Իրանի երկրորդ գերագույն առաջնորդ:

Այդ ընտրությունը զարմացրել էր շատերին, հավանաբար, նույնիսկ հենց նաև Խամենեիին։


07:09 1.3.2026

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատեցին՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:

Հայտարարելով երկրի 86-ամյա առաջնորդի մահվան մասին՝ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ սկսվում է 40-օրյա սուգ, և գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու:

Պետական հեռուստատեսությունը տեղական ժամանակով ժամը 5-ին հաղորդելով Խամենեիի մահվան մասին, չի հիշատակել ԱՄՆ և Իսրայելի օդային հարվածները:

Պետական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում, և ոչ թե բունկերում թաքնված, ինչպես որոշ հաղորդումներ են պնդում:

01:49 1.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է։

«Սա արդարադատություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև բոլոր ամերիկացիների և աշխարհի տարբեր երկրներից եկած այն մարդկանց համար, ովքեր սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակախմբի կողմից»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը սոցիալական ցանցում, հավելելով՝ «Սա իրանական ժողովրդի համար ամենամեծ հնարավորությունն է՝ իրենց երկիրը վերադարձնելու»։

Թրամփը նաև նշել է, որ «ծանր հրետակոծությունները» կշարունակվեն շաբաթվա ընթացքում, կամ այնքան «որքան անհրաժեշտ կլինի՝ հասնելու խաղաղության Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։

Պաշտոնական Թեհրանը առաջնորդի մահվան լուրը դեռ չի հաստատել։

01:05 1.3.2026

Իրանում մարդիկ Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր սպանության մասին տեղեկությունների տարածումից հետո փողոցներում ուրախության բացականչություններ և ծափահարություններ են հնչեցրել:

Տեսանյութը՝ «Ազատության» իրանական ծառայության:

00:51 1.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր մահվան մասին շրջանառվող լուրերը:

«Մենք հավատում ենք, որ դա իրական պատմություն է», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարության «մեծ մասը չեզոքացվել է»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG