Ամերիկյան կողմը կադրեր է հրապարակել, թե ինչպես է հարվածներ հասցնում Իրանին:
Իսրայելի վարչապետը ուղերձով դիմել է իրանցիներին՝ ասելով, որ հարվածները կօգնեն նրանց «ազատվել բռնապետությունից»։
Խոսելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ Թեհրանի կեցավայրի վրա հարձակումների մասին՝ Նեթանյահուն ասել է, որ ավելի ու ավելի շատ նշաններ են հայտնվում, որ «բռնապետը» «ողջ չէ»։
Բենյամին Նեթանյահուն այնուհետև իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց։ «Զանգվածաբար դուրս եկեք փողոց․․․ գործն ավարտին հասցրեք»,- ասել է նա՝ հավելելով, որ սա բացառիկ հնարավորություն է տապալելու իրանական ռեժիմը։ «Ժամանակն է, որ միավորվեք․․․ այս պատմական առաքելության համար»։
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակում Իսրայելն անորոշ ժամանակով փակել է Գազայի հատված տանող անցակետերը, այդ թվում՝ Ռաֆահ անցակետը։
Պաղեստինյան տարածքներում կառավարության գործունեությունը համակարգող իսրայելական գործակալությունը նշում է, որ սահմանների փակումը «ոչ մի ազդեցություն չի ունենա» Գազայում տիրող մարդասիրական վիճակի վրա։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ սա մեկ տարում արդեն երկրորդ անգամն է, որ ամերիկացիները դավաճանում են դիվանագիտությանը։
Բաղային նշել է, որ Իրանն Օմանի միջնորդությամբ բանակցում էր Իրանի հետ, և պետք է հանդիպեին երկուշաբթի՝ քննարկելու միջուկային հարցի վերաբերյալ ցանկացած հնարավոր գործարքի տեխնիկական կողմերը։
«Եվ ամերիկացիներն իրենք էլ ընդունում են, որ այս բանակցությունները բավականին լավ են ընթացել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա նաև «տարածաշրջանի երկրների վստահությունը դավաճանելու» դրսևորում է։
«Սա դավաճանություն է ՄԱԿ-ի ամբողջ համակարգի նկատմամբ, քանի որ ՄԱԿ-ի համակարգի՝ ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր հենասյունը ուժի կիրառման արգելքն է»,- հավելել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ վտանգված է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը, այլև «միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքը և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստեղծված նորմատիվ համակարգը»։
Այսօրվա հարձակումներից հետո Կատարը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է հյուրանոցներում և զբոսաշրջային վայրերում բոլոր հանրային միջոցառումները, հավաքույթները։
Դադարեցվում են նաև բոլոր միջոցառումները, որոնք վերաբերում են Ռամադանի ժամանակ վրաններ տեղադրելուն և իֆտարներին (մուսուլմանների պահքի ավարտն ազդարարող ընթրիքն է Ռամադանի ժամանակ), որոնք հյուրանոցներն ու զբոսաշրջային վայրերը սովորաբար կազմակերպում են։
Քուվեյթն իր հերթին անորոշ ժամանակով չեղարկել է թարավիի աղոթքները (երեկոյան կամավոր աղոթքներ, որոնք նույնպես իրականացվում են Ռամադանի ընթացքում)։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ իր ուժերը հաջողությամբ պաշտպանվել են Իրանի հրթիռային և անօդաչուների «հարյուրավոր» հարձակումներից, և որ ամերիկյան կողմում մարտական գործողությունների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։
ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված վնասը «նվազագույն» է եղել և չի ազդել գործողությունների վրա, ասվում է հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ այսօրվա ռազմական գործողությունների թիրախում եղել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական օբյեկտները, Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերը և ռազմական օդանավակայանները»։
«Գործողության առաջին ժամերի ընթացքում օդից, ցամաքից և ծովից արձակվել են բարձր ճշգրտության զինատեսակներ։ Բացի այդ, Կենտրոնական հրամանատարության Scorpion Strike օպերատիվ խումբը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառել է մեկանգամյա օգտագործման գրոհային էժան անօդաչուներ», - ասվում է հայտարարությունում։
Թուրքիայի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին անհապաղ գործել՝ Մերձավոր Արևելքում հետագա սրացումը կանխելու համար, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է արագացնել հրադադարի հաստատման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու դիվանագիտական ջանքերը՝ հավելելով, որ «խորապես» մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումներով, որոնք, նրա խոսքով, «սկսվել են Նեթանյահուի սադրանքներից»։
«Մենք նաև անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային և անօդաչուների հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ՝ անկախ պատճառից», - հավելել է նա։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ այսօր մոտ 200 կործանիչներ կատարել են «Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ ռազմական ամենամաստշաբային թռիչքը»։
Նշվում է, որ իրենց կործանիչները «լայնածավալ հարձակում են իրականացրել Իրանի ահաբեկչական ռեժիմի հրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա՝ Իրանի արևմտյան և կենտրոնական մասերում»՝ նետելով ռումբեր և հրթիռներ ու թիրախավորելով մոտ 500 օբյեկտ։
Իսրայելական բանակը պնդում է, որ «լրջորեն քայքայել է իրանական ռեժիմի հարձակողական կարողությունները»։