Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում:
Կառավարությունից հայտնում են, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը զեկուցել է տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, չի նշվում:
Հաղորդվում է, որ նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել «ցավալի զարգացումների վերաբերյալ», իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարվածել էին Իրանին, վերջինս պատասխանել էր: Իրանը հաստատել է, որ սպանվել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: