Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը գուցե կորցրել մի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ»: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի գործողություններն օրինական են, քանզի արվում են ինքնապաշտպանության նպատակով: Թեհրանը նաև չի հրաժարվում իր իրավունքներից, այդ թվում՝ ուրանի հարստացման:
Նա անդրադարձել է Իրանում իշխանափոխության մասին Թրամփի հայտարարությանը՝ պնդելով, որ դա անհնար է: Նաև հերքել է ԱՄՆ նախագահի պնդումը, թե Իրանը ԱՄՆ տարածքին հարվածելու հնարավորություն ունի և կարող է հաստատել, որ Իրանը չի ստեղծի հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ:
Արաղչին նշել է, որ տեսնում է համաձայնության հասնելու հնարավորություն, որը կարող է երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքպուրը ենթադրաբար զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, գրում է Reuters-ը։ Գործակալությունը հղում է անում Իսրայելի ռազմական գործողություններին ծանոթ երկու և մեկ տարածաշրջանային աղբյուրների:
Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ, ևս 60-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական IRNA-ն:
Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել է, որ 53 աշակերտ դեռ փլատակներում են, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել: Արգելել են հասարակական հավաքույթները, փակվել են դպրոցներն ու աշխատատեղերը, հիվանդները տեղափոխվել են ստորգետնյա տարածքներ:
Իրավիճակը՝ լուսանկարներով
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է երկրից դուրս գալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով:
Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
ԱԽ գրասենյակից հաղորդում են, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարել:
«Լարվածության ներկայիս սրացումը վտանգավոր է բոլորի համար, այն պետք է դադարեցվի,-հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հավելելով, - ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկիզբը լուրջ հետևանքներ կարող է ունենալ խաղաղության և միջազգային անվտանգության համար»։