Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո New York Times-ը հրապարակել է Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը՝ Թեհրանի Պաստոր հրապարակի մոտ։
Լուսանկարում երևում է, թե քանի շենք է հողին հավասարվել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Իսլամական Հանրապետության կառավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ վերջիններս ողջ են և տեղափոխվել են անվտանգ վայր։
Այս տեղեկությունն անկախ աղբյուրներով դեռ հնարավոր չէ ճշտել։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան կոչ են արել հարգել միջազգային իրավունքն ու ցուցաբերել առավելագույն զսպվածություն։
Իրանում տեղի ունեցող զարգացումները բնորոշելով որպես «ծայրաստիճան մտահոգիչ»՝ երկու ղեկավարները համատեղ հայտարարությամբ ընդգծել են. «Առանցքային նշանակություն ունի միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է է՛լ ավելի սրել լարվածությունը»։
Իրանի արտգործնախարարը կոչ է արել տարածաշրջանային գործընկերներին կանխել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրենց տարածքի օգտագործումը՝ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների համար։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառմամբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի, ինչպես նաև Իրաքի գործընկերներին փոխանցել է, որ Թեհրանը «կօգտագործի իր բոլոր ռազմական հնարավորությունները՝ ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում»։
Ռուսաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի ուղղությամբ՝ ընդգծելով, որ իրավիճակը պետք է «վերադարձվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի»։
ՌԴ արտգործնախարարությունը միաժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է արագորեն օբյեկտիվ գնահատական տա «անպատասխանատու գործողություններին, որոնք վտանգում են անկայունացնել տարածաշրջանը»։
Մոսկվան հավելել է, որ նախկինի պես պատրաստ է աջակցել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումներ գտնելու ջանքերին, հաղորդում է Reuters-ը։
Մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները դեպի Իրան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին:
Հունական խոշորագույն ավիափոխադրող Aegean Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ և Էրբիլ և հակառակ ուղղությամբ մինչև մարտի 2-ը:
Air France ավիաընկերությունը փետրվարի 28-ին և մարտի 1-ին չեղարկում Է թռիչքները դեպի Իսրայել:
Ընկերությունը չեղյալ է հայտարարել նաև փետրվարի 28-ին չվերթերը դեպի Բեյրութ, Դուբայ և Էր Ռիադ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ:
Air France-ը հայտնել է, որ ավելի ուշ կհայտնի առաջիկա օրերին այդ ուղղություններով թռիչքների իր պլանների մասին:
Չեղարկվել է նաև Քուվեյթ-Երևան թռիչքը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ ռուսական ավիափոխադրողները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան և Իսրայել:
Գերատեսչությունում հայտարարել են, որ Իրանի և Իսրայելի օդային տարածքի փակման կապակցությամբ ռուսական ավիափոխադրողները նախարարության և Ռոսավիացիայի հետ համատեղ նախապես մշակել են թռիչքների այլընտրանքային երթուղիներ, որպեսզի ապահովեն անվտանգ թռիչքներ դեպի Պարսից ծոցի երկրներ:
Նշվում է, որ թռիչքի ժամանակը կավելանա հեռավորությունների ավելացման պատճառով:
Հունաստանի նավագնացության նախարարությունը հունական դրոշի ներքո գտնվող նավերին խորհուրդ է տվել առավելագույն զգոնություն ցուցաբերել և խուսափել Պարսից ծոցից, Օմանի ծոցից և Հորմուզի նեղուցից:
Իսրայելցիները տարհանվում են Հայֆայի՝ Իրանից արձակված հրթիռների հարվածից վնասված շենքից:
Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին ի պատասխան։
Իսլամական Հանրապետության արգործնախարարությունը նաև հորդորել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել «միջազգային խաղաղության և անվտանգության խախտմանը հակազդելու» համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Երևանը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
Իսրայելը հայտարարել է, որ վերջին հարվածների թիրախում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ առանց հավելյալ մանրամասների։
Reuters-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Այաթոլլա Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։
«Իշխանությանը մոտ կանգնած իրանական աղբյուրը հայտնել է, որ սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական պաշտոնյաներ»,- հաղորդում է Reuters-ը, հավելելով, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս տեղեկությունը։