Իրանն ուրանը հարստացնում է շատ ավելի բարձր մակարդակի, քան անհրաժեշտ է խաղաղ նպատակներով էներգիա ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը: Fox News-ին տված հարցազրույցում Սթիվ Ուիթքոֆն ասել է, թե Թեհրանը հիմա շատ մոտ է միջուկային զենք ստեղծելուն:
«Նրանք ուրանը հարստացնում են քաղաքացիական միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակից շատ ավելի։ Այն հասնում է մինչև 60 տոկոսի։ Նրանք, գուցե, մեկ շաբաթից կարողանան արդյունաբերական մակարդակի ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութ ունենալ: Իսկ դա իսկապես վտանգավոր է»,- ասել է Սիթվ Ուիթքոֆը։
Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ Դոնալդ Թրամփի մոտ հիմա հարց է առաջանում, թե ինչու Իրանը դեռ չի համաձայնել սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այդքան զորք ու ռազմական տեխնիկա է կուտակել Մերձավոր Արևելքում:
«Ես չեմ ուզում օգտագործել «հիասթափված» բառը, քանի որ նախագահը հասկանում է, որ ունի բազմաթիվ այլընտրանքներ, բայց նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու նրանք չեն հանձնվել ... Ես չեմ ուզում օգտագործել «կապիտուլյացիա» բառը, բայց ինչու նրանք չեն հանձնվել։ Ինչո՞ւ, այսպիսի ճնշման տակ, տարածաշրջանում ծովային և ռազմածովային ուժի ներկայության պայմաններում, նրանք չեկան մեզ մոտ և չասացին. «Մենք հայտարարում ենք, որ միջուկային զենք չենք ուզում ստեղծել, ուստի ահա թե ինչ ենք պատրաստ անել»»,- ասել է նա:
Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ընդգրկվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»: