ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «շատ վատ բաներ» կպատահեն և 10-15 օր վերջնաժամկետ է սահմանել:
Թրամփը խոսել է հունիսին ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների մասին, նշել.- «Մենք կարող ենք ստիպված լինել մեկ քայլ առաջ գնալ, կամ՝ ոչ»։ Մանրամասներ, սակայն, Թրամփը չի հայտնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում Թեհրանը հայտարարել է, որ չի սկսի որևէ պատերազմ, սակայն «եթե ենթարկվի ռազմական ագրեսիայի, Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափորեն»:
Ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնել են, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր՝ այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնելու համար։ CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն այս շաբաթավերջին ռազմական գործողություն իրականացնել, եթե ԱՄՆ նախագահը նման հրաման տա: Սակայն, ինչպես գրում է The New York Times-ը, նախագահ Թրամփը դեռ որևէ նշան ցույց չի տվել այն մասին, որ որոշում է կայացրել հետագա անելիքների վերաբերյալ։
ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ՝ պահանջելով, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Երկու երկրները փետրվարի 17-ին համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն հաջորդիվ նախատեսված բանակցությունների ժամանակ: