Արդեն հաջորդ ամիս՝ փետրվարի 6-ին, Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ այդ քայլը «Փարիզի կողմից քաղաքական ազդակ» որակելով։
«Գրենլանդիան չի ցանկանում որևէ մեկի սեփականությունը հանդիսանալ, կառավարվել ԱՄՆ-ի կողմից կամ Միացյալ Նահանգների մաս կազմել։ Գրենլանդիան արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ Դանիայի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի»,-նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։
Գրենլանդիայի վարչապետը երեկ հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում որևէ պարագայում Միացյալ Նահանգների մաս դառնալ՝ հավելելով, որ եթե ստիպված լինեն ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, վերջինիս կընտրեն: