Իրանի իշխանություններն արդեն 7-րդ օրը շարունակում են անջատած պահել ինտերնետը երկրի ողջ տարածքում: Հեռախոսակապը գործում է սահմանափակումներով: Հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվածների և վիրավորների մասին պաշտոնական տվյալներ Թեհրանը չի հաղորդում, թեև իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են մոտ 2 հազար 600-ի զոհի մասին:
Իրանը երեկ մոտ հինգ ժամով փակել էր իր օդային տարածքը՝ առանց պաշտոնական բացատրության: Հաղորդվում է, որ պատճառը ԱՄՆ հնարավոր հարվածների մասին մտավախությունն է եղել:
Թուրքիա ժամանած իրանցիները պատմում են, որ բողոքի ցույցերը մեծ մասամբ դադարել են:
«Իրանում քաոս է, Իրանում պատերազմ է։ Այն այժմ դադարել է, բայց անհասկանալի է, թե ինչ կլինի … Բացի այդ՝ մենք ինտերնետ չունենք, չգիտենք ինչ է կատարվում երկրի ներսում», - ասում է Ուրմիայի բնակիչ Էմրան Քահիրը:
«Թրամփը ոչինչ չի կարող անել, երբ մուսուլմանական երկրները միասնական են։ Ամեն դեպքում ոչինչ չի կատարվում հիմա։ Մի քանի օր անկարգություններ էին, բայց ամեն ինչ ավարտվեց», - ասում է Սալմաստի բնակիչ Մոհամադ Նևիզադեն:
Ու մինչ Իրանից դուրս եկածները հավաստիացնում են, որ ցույցեր չկան, ականատեսները շարունակում են նոր մանրամասներ ներկայացնել անցած օրերի սարսափազդու իրադարձություններից: Ցուցարարներից մեկը BBC-ին պատմել է, որ Թեհրանում հունվարի 8-ին ցույցից տուն վերադառնալիս են եղել կնոջ հետ, երբ կինը մահացու վիրավորում է ստացել: Նա մոտ մեկուկես ժամ կնոջ մարմինը միայնակ է տարել, մինչև օգնության են հասել տարածքի բնակիչները:
Տղամարդն ասել է, որ կինը ցույցերին մեկնելուց մի քանի օր առաջ իր անչափահաս երեխաներին պատմել է երկրում կատարվողի մասին և զգուշացրել, որ «երբեմն ծնողները գնում են ցույցերի և չեն վերադառնում»։ «Իմ և ձեր արյունը ոչ մի մեկի արյունից թանկ չէ», - ըստ ամուսնու՝ երեխաներին ասել է մայրը։
Մի բժիշկ էլ CNN-ին պատմել է, որ հունվարի 8-ին իրեն շտապ կանչել են հիվանդանոց, որտեղ բառացի քաոս էր. բոլոր հիվանդասենյակները լի էին վիրավորներով: Նա ասել է, որ ամբողջ օրը վիրահատություններ է արել, նույնիսկ չի հիշում, թե քանի:
Մտահոգությունների ֆոնին, որ իշխանությունները կարող են ձերբակալված ցուցարարների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ 26-ամյա Էրֆան Սոլթանին մահապատժի չի ենթարկվել: Ըստ հաղորդումների՝ մահապատիժը նախատեսված էր երեկ:
ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է՝ իրենց վստահեցրել են, որ Իրանը ցուցարարներին մահապատժի ենթարկելու «որևէ ծրագիր չունի»: Դոնալդ Թրամփը, սակայն, չի բացառել ռազմական գործողությունն Իրանի դեմ՝ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։
«Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժ կամ մահապատիժներ իրականացնելու ծրագիր չկա։ Ինձ ասել են, որ վստահելի աղբյուր է հայտնել... Վստահ եմ՝ բոլորս շատ կվրդովվենք, եթե մահապատիժներ տեղի ունենան», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփը նաև ասել է, որ իրանցի ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին «շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում», սակայն ինքը վստահ չէ, որ վերջին շահի վտարանդի որդին կկարողանա բավական աջակցություն ստանալ Իրանում իշխանությունը ստանձնելու համար։
«Ես չգիտեմ՝ նրա երկիրը կընդունի՞ նրա ղեկավարությունը, թե՞ ոչ, և, անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ հավելելով, թե կա հավանականություն, որ Իրանի կառավարությունը կարող է փլուզվել:
Իրանի արտգործնախարարը երկրում անկարգությունների համար կրկին մեղադրել է «ահաբեկիչներին», որոնք, նրա պնդմամբ, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների վրա: Fox News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է, թե իշխանությունները երեք օր պայքարում էին «ոչ թե ցուցարարների, այլ ահաբեկիչների դեմ», որոնք ցանկանում էին, որ շատ մարդ սպանվի։
«Ինչո՞ւ։ Որովհետև նախագահ Թրամփն ասել է, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի, և նրանք ցանկանում էին նրան ներքաշել այս հակամարտության մեջ։ Եվ դա կոնկրետ իսրայելական դավադրություն էր», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Արաղչին ևս վստահեցրել է, որ իշխանությունները մարդկանց կախաղան հանելու ծրագրեր չունեն: «Կախաղանը բացառված է», - ասել է գլխավոր դիվանագետն այն երկրի, որտեղ 2025-ին 1922 մարդ է մահապատժի ենթարկվել, իսկ վերջին երեք տարում առնվազն 12 ցուցարար է կախաղան հանվել:
Ու մինչ Թեհրանից բացառում են կախաղանները, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Իրանում այսօր տեղի ունեցողը Միացյալ Նահանգների ճնշման ուղիղ արդյունքն է: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթը նշել է, որ Իրանի կառավարության ֆինանսավորման հիմնական աղբյուրը նավթային ոլորտն է, որի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները երկրում ֆինանսական ամբողջական փլուզման են հանգեցրել: Արդյունքում, նրա պնդմամբ, հիմա կապիտալի մեծ արտահոսք կա Իրանից:
«Ֆինանսների նախարարությունը, որը կիրառում է պատժամիջոցները, այժմ տեսնում է, թե ինչպես են առնետները լքում նավը։ Որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանի ղեկավարությունը միլիոնավոր և տասնյակ միլիոնավոր դոլարներ գաղտնի դուրս հանում երկրից», - հայտարարել է Բեսենթը:
Թուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին, հայտարարել է այդ երկրի արտգործնախարարը՝ կոչ անելով խուսափել ապակայունացումից: Անկարան հուսով է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի կգան, ասել է Հաքան Ֆիդանը:
Այս օրերին իրանցի ընդդիմադիրներն աջակցության խոսքեր են ստանում աշխարհի տարբեր անկյուններից: Երեկ էլ Իսրայելի Հոլոն քաղաքում է ցույց անցկացվել՝ հաջակցություն ցուցարարների:
«Մենք այստեղ ենք՝ իրանցի ժողովրդին ասելու, որ նրանք միայնակ չեն, որ մենք նրանց հետ ենք … Եվ հուսով ենք, որ նրանք հնարավորինս շուտ ձեռք կբերեն իրենց ազատությունը», - հայտարարել է իրանցի վերլուծաբան Նաթի Թուբիանը: