Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը «մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի»:
«Կախաղան հանելու որևէ ծրագիր ընդհանրապես չկա: Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող», - ասել է արտգործնախարարը Fox News-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կձեռնարկի «շատ կոշտ գործողություններ», եթե Իրանը սկսի կախաղան հանել ցուցարարներին:
Նախօրեին արդեն Թրամփը հայտարարել է՝ իրեն ասել են, որ Իրանի կառավարության կողմից բողոքի ցույցերի ճնշման ժամանակ սպանությունները նվազում են, և որ նա կարծում է, թե ներկայումս լայնածավալ մահապատիժների ծրագիր չկա։
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի: Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18,400 մարդ: