Մատչելիության հղումներ

Խաղաղության գործընթացը հնարավոր է ավարտել, եթե Ադրբեջանը համաձայնի արձանագրել 3 պայմանավորվածությունները. Կոստանյան


ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Խաղաղության գործընթացը կարելի է ավարտին հասցնել, եթե Ադրբեջանը համաձայնի թղթի վրա արձանագրել Բրյուսելում ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ միաժամանակ պնդելով, թե բանակցային գործընթացը կանգնած չէ։

Կոստանյան. - Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով։

«Ազատություն». - Բայց կա՞ գործընթաց այս պահին:

Կոստանյան. - Գործընթացը կանգնած չէ, և ըստ էության հնարավոր է ավարտել այս գործընթացը, եթե ադրբեջանական կողմը ի վերջո համաձայնվի թղթի վրա արձանագրել այն երեք պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել Բրյուսելում նախորդ տարվա մայիսին և հուլիսին։

Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի նաև այն պայմանավորվածությանը, մասնավորապես, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և դա թղթի վրա արձանագրենք:

«Ազատություն». - Ի՞նչն է Բաքվին խանգարում, ո՞րն է գլխավոր խնդիրը Բաքվի, որ այսօր չի հաջողվում տեղից շարժվել։

Կոստանյան. - Մենք չեն տեսնում որևէ խոչընդոտ՝ առաջ շարժվելու հենց այս երեք սկզբունքների հիման վրա, և այն փաստը, որ դեռևս չի հաջողվել, և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս սկզբունքները, տարակուսանք է առաջացնում՝ արդյո՞ք իրենք շահագրգռված են Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու։

Չնայած փոխարտգործնախարարը պնդում է, որ գործընթացը շարունակվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործախարարների երկկողմ հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են Բեռլինում՝ փետրվարի 28-ին։ Վահան Կոստանյանը նաև չհստակեցրեց՝ արդյոք պաշտոնական Երևանն արդեն Բաքվին ուղարկել է խաղաղության պայմանագրի նախագծի իր հերթական առաջարկները։

Կոստանյան. - Մենք շարունակում ենք գործընթացի մեջ լինել:

«Մեր սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամության հետ»

Անդրադառնալով վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ փոխարտգործնախարարն ընդգծեց, որ քննարկվելու է Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ երկկողմ, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։

Կոստանյան. - Աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն չեմ կարծում, որ պետք է դարձնենք այս միջոցառումը։ Իհարկե, ինքը շատ կարևոր միջոցառում է մեզ համար, բայց նաև պետք է փորձենք ճիշտ կառավարել այն ակնկալիքները, որոնք կան։ Որովհետև շատ հաճախ պետությունները, կամ կողմերը, որոնք դեմ են մեր այս ֆորմատով համագործակցությանը, իրենք մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ՝ հետագայում հանրության մոտ որոշակի հիասթափություն նաև առաջացնելու համար։ Կարծում եմ՝ վաղը շատ սոլիդ միջոցառում կունենանք:

Հնարավո՞ր է՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում նաև Եվրամիության անդամակցության և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը վերանայելու որոշումներ կայացվեն։ Կոստանյանը վստահեցրեց՝ Երևանի առաջ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել, հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների և կարողությունների բարձրացմանը։

Միաժամանակ, Կոստանյանը բացարձակապես անընդունելի համարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում։

Կոստանյան. - Բացարձակապես ընդունելի չեն նման մեկնաբանությունները այլ երկրների կողմից: Դա մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

Ի դեպ, Մոսկվան ևս բավական կոշտ է արձագանքել վաղը նախատեսվող եռակողմ հանդիպմանը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, թե Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածվում է հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Փոխարտգործնախարարն այսօր հակադարձեց Մոսկվային։

Կոստանյան. - Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել: Միգուցե մեր ինքնիշխան արտաքին քաղաքականությունը մասնավորապես որոշակի նյարդայնացում է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում, դրան որևէ կերպ չեմ կարող արձագանքել՝ միայն կարող եմ առողջություն մաղթել:

«ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն նպաստում երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»

Բարձրաստիճան դիվանագետն այսօր արձագանքեց նաև Ռուսաստանի դեսպանատան երեկվա ուղերձին, որտեղ ռազմավարական դաշնակիցը Երևանին առաջարկել էր երկխոսության միջոցով շտկել կուտակված խնդիրները։ Վահան Կոստանյանն ասաց, որ դիվանագետները որպես կանոն խոսում են բոլոր գործընկերների հետ։ Բայց շատ կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծված պետք է լինի տարբեր թեմաների շուրջ խոսելու համար:

Կոստանյան. - Իսկ Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության որոշ ներկայացուցիչների հայտարարություններ բնավ որևէ կերպ չեն նպաստում այդպիսի մթնոլորտի ձևավորմանը:

«Ազատություն». - Հայաստանը պատրա՞ստ է երկխոսության Ռուսաստանի հետ:

Կոստանյան. - Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություների օրակարգում, և կարծում ենք, որ կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի և ոչ միայն խոսքերով, այլ նաև՝ քայլերով: Ինչպես նաև չի կատարի քայլեր և չի անի հայտարարություններ, որոնք վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ փոխհարաբերություններին՝ Վահան Կոստանյանը վերահաստատեց՝ Հայաստանի սահմանները շատ պարզ են բոլորի համար, և ակնկալում են, որ ի վերջո այդ կառույցը քաղաքական գնահատական կտա և կարձանագրի, որ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացվել են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG