Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն նպաստում երկխոսության մթնոլորտի ձևավորմանը. փոխնախարար


Ռուսաստանի և այդ երկրի արտաքին գործերի նախարարության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում երկխոսության մթնոլորտի ձևավորմանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Դիվանագետները որպես կանոն միշտ խոսում են և խոսում են բոլոր գործընկերների հետ, բայց շատ կարևոր է այն միջավայրը, որը ստեղծված պիտի լինի խոսելու համար տարբեր թեմաների շուրջ, իսկ Ռուսաստանի Դաշնության և ՌԴ արտաքին գործերի նախարարության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, բնավ, որևէ կերպ չեն նպաստում այդպիսի մթնոլորտի ձևավորմանը», - նշեց Կոստանյանը՝ արձագանքելով Հայաստանում ՌԴ դեսպանատան ուղերձի մասին։

Ռուսաստանի դեսպանությունը երեկ էր ուղերձ հղել հայ-ռուսական հարաբերությունների հաստատման օրվա առթիվ, նշել՝ Մոսկվայի և Երևանի միջև կուտակված անհավասարակշռությունների շտկումը, նորմալ «դաշնակցությանը վերադարձը» ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է։

«Ազատության» հարցին՝ հայկական կողմը պատրա՞ստ է երկխոսությանը Մոսկվայի հետ, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգում, և կարծում ենք, որ կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի և կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլ նաև քայլերով, ինչպես նաև չի կատարի քայլեր և չի անի հայտարարություններ, որոնք վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին»։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեղադրել Երևանին հայ-ռուսական հարաբերությունները «գիտակցաբար փլուզման տանելու համար»։ Իսկ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ իշխանությանը մեղադրել էր սեփական որոշումների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու, կասկածի տակ դրել Արևմուտքի օգտակարությունը Հայաստանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG